211652_close_icon
views-count354 դիտում article-date 10:52 05-07-2022

Ինչպես հաղթահարել «հայաստանցի-ղարաբաղցի» անջրպետը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքացիների մեջ կա մի զգալի շերտ, որն ամենայն լրջությամբ պնդում է, որ «ղարաբաղցիները հայ չեն»: Ինձ ծանոթ չեն այդ ուղղությամբ արված սոցիոլոգիական հարցումները, բայց, ենթադրում եմ, որ այդպես է մտածում հայաստանցիների առնվազն 25 տոկոսը: Ոմանք այդ անհեթեթ պնդման տակ դնում են «գիտական» հիմք՝ «էնքան են թուրքերի տակ ապրել, որ իրենք էլ են թրքացել»:

Եթե փորձենք այդ մեղադրանքը մեկնաբանել առանց հույզերի՝ ապա կարող ենք արձանագրել, որ այստեղ՝ Հայաստանի տարածքում ապրողներիս ճնշող մեծամասնության նախկիններն ապրել են թուրքերի, ռուսների կամ պարսիկների «տակ», բայց, բարեբախտաբար, պահպանել են ազգային ինքնությունը: Դա մասամբ վերաբերում է նաեւ Արցախում ապրող հայերին, այն վերապահումով, որ պատմական տարբեր ժամանակահատվածներում ղարաբաղյան մելիքություններն ունեին քիչ թե շատ ինքնավարություն՝ ի տարբերություն հայաբնակ այլ տարածքների. հարկահավաքության կամ սեփական կարգուկանոնը հաստատելու նպատակով սարեր բարձրանալը բավականին բարդ գործ է: Արցախցիներին հայ չհամարելու անմիջական հասարակական-քաղաքական պատճառը պարզ է. 1998 թվականից հետո՝ 20 տարվա ընթացքում, պետական պաշտոններում եւ բիզնեսում բարենպաստ դիրքեր զբաղեցնող մարդկանցից շատերը եղել են Արցախից:

Բավական է հիշել, որ այդ ժամանակահատվածի սկզբում՝ Երեւանի կենտրոնում ճանապարհային երթեւեկության կոպիտ խախտումներով «ճռցնում էին» NKR համարանիշներով՝ այն ժամանակվա ամենաշքեղ մեքենաները: Թերեւս անսպասելիորեն հարստացած եւ պաշտոնավոր արցախցիների թվաքանակը չափազանցվում էր ընդդիմադիր քարոզչության կողմից: Բայց ասել, թե այդ քարոզչությունն ամբողջությամբ անհիմն էր, արդար չի լինի:

Մարդկանց մեծամասնությունը՝ ոչ միայն Հայաստանում, ընդունակ չէ խորը վերլուծությունների, արձագանքում է նախնական հուզական ազդակներին եւ հեշտությամբ է թացը չորի հետ խառնում:

Ահա այդպես է ստեղծվել արցախցիների «դեմոնացված» պատկերը, որի մասնավոր արտահայտությունն է մեր ժողովրդի այդ ներկայացուցիչներին ոչ հայ համարելը: Ինչպես կարելի է այդ վտանգավոր անջրպետը հաղթահարել: Պետության վրա այդ հարցում հույս դնելն իրատեսական չէ: Ներկայիս իշխանությունը, որի օրոք Արցախի մեծ մասն անցել է թշնամուն, շահագրգռված է վերը նկարագրված խեղված, ճշմարտության հետ եզր չունեցող պատկերացման մեջ, եւ գուցե որոշ չափով նպաստում են այդ առասպելի տարածմանը:

Բայց կա նաեւ քաղաքացիական հասարակություն, պիտի լինի՝ համենայնդեպս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր