Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը հանդիսատեսին ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը հանդիսատեսին ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական կինոնկարը պատմում է կինոյի և թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին:



Կինոնկարը հանդիսատեսի լայն շրջանակին ներկայացվեց դերասանի ծննդյան օրը՝ հուլիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում:




«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում:



Ցուցադրությունից առաջ արվեստասերները նախասրահում հնարավորություն ունեցան ծանոթանալու դերասանի բացառիկ լուսանկարներին:



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Մհեր Մկրտչյանը ոչ միայն ամենաժողովրդական, շատ պարզ, անկեղծ, հուզական դրսևորումներով արտիստ էր, այլև խորաթափանց մարդ: «Տեսել եմ վավերագրական ֆիլմեր, որտեղ նա խոսում է  թատրոնի, դերասանական արվեստի մասին ու զարմացնում մտքի նրբությամբ: Այդ տեսանկյունից նրան այնքան էլ լավ չենք ճանաչում, և ես ուրախ եմ, որ հերթական առիթը կա ցույց տալու նրա ստեղծարարությունը, այլ մշակույթների հետ շփվելու ազատությունը, ինչը շատ օրգանական է Մկրտչյանի արվեստում և հիացումի է արժանի: Դեռ շատ սերունդներ կշարունակեն հմայվել նրա դրամատիկ անձով  ու փայլուն արվեստով»,-նշեց Խզմալյանը:





Փոխնախարարը շեշտեց՝ Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը  դարձել են մեր կենսագրության մասը, ու եթե չլինեին նրանք, մեր մտածողությունը, հոգեբանությունը, գեղարվեստական ճաշակն այլ կլինեին:



«Ամենամեծ առեղծվածային դրվագը, որ տեսել եմ Մհեր Մկրտչյանի արվեստում, սև թուղթ ստանալիս ցնորվելու տեսարանն է, երբ նա տեսախցիկի առջև հայացքը շաղում է: Հոգեկան ակնթարթային շեղման այդ տեսարանը ոչ մի մասնագիտական բառապաշարով հնարավոր չէ բացատրել: Դա բարձրագույն դերասանական դրսևորում է»,-ընդգծեց Արա Խզմալյանը:



Երբ առաջացել է Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարը, պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին մտածել է, թե ինչ նոր բան կարող է ասել Մկրտչյանի մասին, չէ՞ որ նրան շատ են անդրադարձել ֆիլմերով: «Մհեր Մկրտչյանի մասին շատ եմ կարդացել ու նայել ֆիլմերը: Հասկացա, որ պետք է  ներկայացնել նրա և Հնդկաստանի կապը, «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները: Մենք ցույց ենք տալիս, թե ինչ միջազգային մակարդակի դերասան էր նա, որը ներկայացնում էր իր երկիրն ու այս դեպքում Հնդկաստանում ասես Հայաստանի դեսպան լիներ»,-նշեց պրոդյուսերը:





«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմն ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորը Օթար Միքելաձեն է, սցենարի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը:



Ֆիլմում վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, հնդիկ դերասանների և այլ անվանի մարդկանց հիշողություններն են՝ կապված Մհեր Մկրտչյանի հետ: Ներկայացվում են դրվագներ ֆիլմերի նկարահանումներից, ցուցադրվում են բացառիկ լուսանկարներ: Այդ ամենն ամբողջացնում է Մհեր Մկրտչյանի կերպարը:





Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք