211652_close_icon
views-count1037 դիտում article-date 23:18 04-07-2022

Թումոն և Անտարեսը կտպագրեն «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի տպագիր տարբերակը շուտով հասանելի կդառնա հանրությանը։

Հուլիսի 4-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ստորագրեցին պայմանագիր «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակի տպագրման մասին, ինչպես նաև ներկայացրին մանրամասներ նախագծից։
Գրաֆիկական վեպը ստեղծվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափի կողմից` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ: Այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարվում է իրենց ուսուցչի` Մաշտոցի կողմից, ով ներքաշում է աշակերտներին արկածներով ու փորձություններով լի ճամփորդության մեջ` ձեռնամուխ լինելու իրենց կյանքի մեծագույն առաքելությանը: Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Հեղինակները հայոց գրերի ստեղծման պատմությունը վերաիմաստավորել են ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարնդերին գրավիչ լեզվով:
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը նշում է. «Մաշտոցի կերպարի և հայոց գրերի ստեղծման գյուտի նորարար բնույթի ներկայացումը կարդացողին հնարավորություն կտա վերագտնել կապն այդքան անհաս թվացող իրադարձությունների հետ։ Շնորհակալ ենք Գյուլբենկյան հիմնադրամին ու Անտարես հրատարակչությանը՝ այս պատմական արկածախնդրության մեջ մեր գործընկերները լինելու համար»:
«Ուրախ եմ, որ շատ շուտով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ հանրությանը կներկայացնենք բոլորովին նոր և ինքնատիպ գրաֆիկական վեպ, որն անդրադարձ է կատարում հայ մեծերից Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը՝ բոլորովին նոր ձևաչափով ներկայացնելով նրան ընթերցողին։ «Անտարես»-ը մշտապես բաց է այնպիսի հետաքրքիր համագործակցությունների ու նոր նախաձեռնությունների համար, և վստահ ենք, որ այս համագործակցությունը ևս արգասաբեր կլինի», նշում է «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ 
 
Կոմիքսի հրատարակումը կիրականացնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և «Անտարես» մեդիա հոլդինգը՝ ընթացիկ տարվա ընթացքում։ Հետագայում նախագծվում է նաև տպագրել վեպի արևմտահայերեն տարբերակը։

Նմանատիպ նյութեր