211652_close_icon
views-count1320 դիտում article-date 15:05 01-07-2022

«Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին». Արմեն Պետրոսյանը ներկայացրել է հնարավոր զարգացումները

Բավականին տևական սակարկություններից հետո Թուրքիան չարգելափակեց  ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է. «Ի՞նչ է այս հանգամանքը նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել.

Հնարավոր արդյունքները.

1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից (պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։

2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների իրականացումը։

3. Կողմնակի էֆեկտով կարող է դրական ֆոն ապահովվել ԱՄՆ-ի և ԵՄ-անդամ երկրների հետ ոչ միանշանակ հարաբերություններին, ռազմավարական հարցերի օրակարգերին։

4. Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան Միջերկարականում և Էգեյան ծովում եղած խնդիրների հետ կապված։

5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցման Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է Վաշինգտոնի շահերից։

Հնարավոր հետևանքները.

1. ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։

Ա) Տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների ժամանակավոր սառեցման հնարավորություն։ Մասնավորապես, նշված ոլորտներում Մոսկվան կարող է նվազեցնել հետաքրքրությունը կամ արհեստական խնդիրներ առաջացնել մասնավոր ոլորտում փոխհարաբերություններին(առևտուր, զբոսաշրջություն և այլն)։

Բ) Ուկրաինական ճգնաժամում, սիրիական հակամարտությունում, արցախյան հիմնախնդրում, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիային արտոնված դերակատարման խոչընդոտում։ Մասնավորապես, նշված բոլոր հիմնախնդիրներում Մոսկվան կարող է զգալիորեն նվազեցնել Անկարայի մանևրի հնարավորությունները, որոնք վերջինին զիջվել էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում խնդիրներ հարուցելու կրեմլյան մարտավարության արդյունքում»։

Նմանատիպ նյութեր