211652_close_icon
views-count582 դիտում article-date 15:41 28-06-2022

Հայ-վրացական մշակութային հարաբերությունները՝ որակական նոր փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն, որի հիմքում երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է:

Դիմելով Էլիսո Բոլկվաձեին որպես Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի՝ նախարարն անդրադարձել է մշակութային արժեքների՝ հուշարձանների պահպանման հրատապությանը՝ արժևորելով դրանց համամարդկային նշանակությունը:

«Մեզ համար առաջնային է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կանխումը: Դրանք հայկական լինելուց բացի՝ նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում, դրանց պահպանումն օրհասական խնդիր է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:

Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առկա ծրագրերին, առաջիկա նախագծերին, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:

Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման և համատեղ իրականացվելիք ծրագրերի քննարկման համար: Նա ընդգծել է, որ մշտապես պատրաստակամ է եղել աջակցելու Վրաստանում հայ երիտասարդների մշակութային կյանքի առաջխաղացմանը հատկապես միջազգային հարթակներում:

Էլիսո Բոլկվաձեն հետաքրքրվել է ՀՀ-ում միջգերատեսչական, օրենսդրական կարգավորումների ընթացքի մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Վահրամ Դումանյանը փաստել է, որ ՀՀ կրթական ոլորտն այժմ գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում ու շահագրգիռ այլ կառույցներում ընթանում են կառուցողական քննարկումներ՝ շոշափելի արդյունքներով:

Ըստ Էլիսո Բոլկվաձեի՝ իրենք ևս կրթական բարեփոխումների նոր շրջանում են և որպես առաջնահերթություն՝ շատ են կարևորում կրթական ոլորտում արվեստի ուսուցման ներդրումը՝ մշակույթի զարգացման հեռանկարով:

Կողմերը նախանշել են մի քանի կարևոր միջոցառումներ, որոնք կամրապնդեն և նոր որակի կհասցնեն հայ-վրացական մշակութային հարաբերությունները: Կարևորվել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ՝ միջոցառումների, հայ և վրացի երիտասարդ կատարողների համերգների անցկացումը:

Էլիսո Բոլկվաձեի իրազեկմամբ՝ հաջորդ տարի նախատեսվում է Բաթումիում մեկ օր նվիրել Հայաստանին և ներկայացնել Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես: Նա հույս է հայտնել, որ հայաստանյան կողմը նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ներկա կլինի միջոցառմանը:

Նախարարն էլ վրացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու 2023 թվականին կայանալիք Հայկական կինոյի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ բարձր գնահատելով վրաց կինոգործիչների արվեստի մնայուն արժեքը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Նմանատիպ նյութեր