Զինվորների ծնողների հոգսը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. մաս 35. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակներում խոսում էր զինծառայողների կենցաղային հարցերը բարելավելու ու բանակում իրականացվող փոփոխությունների մասին: Լրատվամիջոցների համար Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, թե զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվել է ավելի քան 40 զորամասի պարենավորում:
44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Փաշինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի մարտադաշտում կռվող զինվորականների ոչ միայն սնունդը, այլեւ տարատեսակ այլ իրերը՝ ընդհուպ վիրակապերն ու չոր սնունդը, նրանց ծնողներն էին ապահովում: Ավելին՝ ռազմարվեստի մասնագետները վստահեցնում էին, որ ռիսկային է բանակի սննդամատակարարումը մասնավոր ընկերությունների հանձնել ու հրաժարվել, օրինակ, դաշտային խոհանոցից: Եվ, իսկապես, պատերազմի օրերին տեսանք, որ զինվորականները, բացի չոր սննդից, ուրիշ ոչնչով չէին սնվում, որովհետեւ մասնավորին հանձնված ճաշարանները ռազմաճակատ սնունդ հասցնել չէին կարողանում:
Իրականությանը չէր համապատասխանում նաեւ Փաշինյանի այն համոզմունքը, թե զինվորականների ծնողների հոգսը թեթեւացել է, քանի որ նրանք իրենց զինվոր երեխաների ծառության վրա գումար չեն ծախսում. զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը: Դրա ապացույցը ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորի ծնողների հավաստիացումներն են ու ամեն ամիս զինվորին ուղարկվող գումարը, հետեւաբար Փաշինյանի պնդումը, թե զինվորների կենցաղային հարցերը բանակն է կարգավորում, հերթական սուտն է եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։