Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի 2-րդ միջազգային ամառային փառատոնը. այն կանցկացվի նաև մարզերում

Մեկնարկում է  SUMMEET ժամանակակից պարի 2-րդ միջազգային ամառային փառատոնը. այն կանցկացվի նաև մարզերում SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով։ 

Այս տարի փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ․ հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերը, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումների շուրջ։ Այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։

SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ 

Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։ Հայաստանում Ֆաբիանը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար):

«Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները։ Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան։

Նոր տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Ազնավուրի հրապարակում երևանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի և սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։  Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի գեղատեսիլ Լոռի։ COAF Սմարթ կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։ 

Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը։ «Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երևանում և ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավելի խիստ էր․ աշխատում էինք զտել հենց այն նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային փառատոնի ձևաչափին։ Փոխարենն ունենք շատ ավելի ավարտուն և նոր ժանրեր ուսումնասիրող աշխատանքներ»,- նշում է է հայկական ցուցադրության պատասխանատու Արման Բալմանուկյանը։

Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարտյանի՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, այնպես որ երևանյան հանդիսատեսին սպասում է ևս մեկ պրեմիերա։   

Եվ կրկին SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոյի ու պարի այնպիսի յուրահատուկ և Հայաստանում դեռևս ոչ այնքան տարածված ուղղությունը, ինչպիսին կինոպարն է (Screendance)։ ՀԲԸՄ հյուրընկալ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին գործելու են հրավիրված մասնագետների՝ ժամանակակից պարի և ջազային պարի դասարանները Պարարվեստի պետական քոլեջում։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են լսել, ոչ թե շարժվել, կարող են այցելել պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ Միրզոյան գրադարանում։
«Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMET-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- նշում է փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։

«Այս փառատոնի միջոցով պետք է հաղթահարենք նաև մասնագիտական մեկուսացումը, որ կա մեզանում՝ թե´ անհատների, թե´ կազմակերպությունների միջև։ SUMMEET-ը պետք է լինի կոնսոլիդացնող և նոր որակներ գեներացնող հարթակ»,- փառատոնից իր սպասելիքներն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ հորդորելով ոլորտի ներկայացուցիչներին անպայման մասնակցել Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային SUMMEET երկրորդ փառատոնին։ 

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք