Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։



Նշվում է, որ հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում՝ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչին:



Հայաստանի հավաքականը Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը մասնակցել է 11 մարզիկներով:



«Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի խոսքով՝ Մ21 տարեկանների ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճելը նշանակալի արդյունք է. «Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է: Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»:



Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայկ Քառյանը (-75 կգ). նա, սակայն, պարտվել է երրորդ տեղի համար մենամարտում:



Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականն առաջնությանը մասնակցել է գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ:



Չեխիայում օրերս տեղի է ունեցել նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի կազմակերպած մրցավարական որակավորման քննությունը, որին մասնակցել է WKF B և EKF B կարգի որակավորում ունեցող մրցավար Արտյոմ Վասիլյանը: Գերազանց հանձնելով մրցավարական որակավորման քննությունները՝ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավարը ստացել է EKF A կարգի որակավորում»,- ասված է հաղորդագրության մեջ:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք