​«Դեպի լույս» երգչախումբը արժանացել է Էջմիածնի քաղաքապետի հատուկ մրցանակին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

​«Դեպի լույս» երգչախումբը արժանացել է Էջմիածնի քաղաքապետի հատուկ մրցանակին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, մայիսի 15-ին մասնակցեց Էջմիածին քաղաքում անցկացվող Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնին  և  արժանացավ  ժյուրիի ամենաբարձր գնահատականներին՝ առաջին մրցանակի: 
 
«Դեպի լույս» երգչախումբը կատարեց «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը  գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը՝ Սասուն Պասկևիչյանը, և  «Դեպի լույս» երգը, որի խոսքն ու երաժշտությունը գրել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։

«Շատ ուրախացանք, երբ իմացանք, որ մենք ելույթ ենք ունենալու նաև գալա-համերգ մրցանակաբաշխությանը»:  

Հունիսի 15-ին Էջմիածնի Կոմիտասի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցավ մրցույթի Գալա-համերգ մրցանակաբաշխությունը, որտեղ միայն ելույթներ պետք է ունենային հաղթողները:

Առաջին ելույթը վստահված էր մեզ, էկրանին տեսագրության  ժամանակ նույնպես ներկայացրեցին մեզ: Մենք երգեցինք Սասուն Պասկևիչյանի «Մեր լեզուն» երգը: Համերգին ներկա էին Էջմիածնի քաղաքապետ   Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, Կոնսերվատորիայի դասախոսներ, պրոֆեսորներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ Հասմիկ Պապյանը, Անժելա Աթաբեկյանը և այլոք: Մեր ելույթը արժանացավ շատ բուռն ծափահարությունների, հանդիսատեսի համակրանքին: Այնքան հուզված էինք, որ բոլորը մոտենում մեզ, շնորհավորում էին և բազմաթիվ գովեստի խոսքեր ասում: Մեր հուզմունքն ավելի կրկնապատկվեց, երբ  արժանացանք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից հատուկ մրցանակի: Մեծ բերկրանք ապրեցինք, երբ հատուկ մրցանակը մեզ հանձնեց էջմիածնի քաղաքապետը: Իսկապես, շատ բարձրակարգ մրցույթ-փառատոն էր, շատ լավ էր կազմակերպված, արդար մրցույթ, պրոֆեսիոնալ ժյուրի: Էջմիածնի քաղաքապետարանը և փառատոնի պրոդյուսեր Արտյոմ Հարությունյանը, ում կողմից նույնպես արժանացանք բազմաթիվ գովեստի խոսքերի, արել էին ամեն հնարավորը՝ մրցույթ-փառատոնը բարձրակարգ անցկացնելու համար»,-անկեղծացավ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:  

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք