211652_close_icon
views-count9408 դիտում article-date 20:58 19-06-2022

Իրենց ստեղծածն էլ քամու հետ գնում է, որովհետև ոչ ոք նրանց չի պատրաստվում հետագայում ոչ օգնել, ոչ էլ ոգևորել. Հայկ Բաբայան

Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը կոշտ և ենթատեքստերով լի գրառում է կատարել․

«Մի հայ ռեժիսոր կա յուրահատուկ ձեռագրով և նախորդ դարի կինեմատոգրաֆում իր հեղափոխական մեթոդներով հայտնի մի երևույթ։ Բայց այս մարդուն իրար հերթ չտալով այնքան են ասել հանճար, «ՏիեզերաՀանճար» կամ էլ «ՕկիանոսաՀանճար», որ արդեն ակամայից սկսում ես վախենալ, ոչ թե այս զգայացունց բառերից, այլ նրանից, որ հասցեատերը լռում է ընդունելով, որ ինքն հենց այդպիսին է։

Օրերս հուղարկավորեցին տաղանդավոր, շատ սիրված և ամբողջ էությամբ արտիստ, բայց միաժամանակ ՀԱՄԵՍՏ մեր Ռաֆայել Քոթանջյանին։

Ճապոնացի հայտնի գիտնականը ստեղծել է մարդանման ռոբոտ, որն իրեն օգնում է, որպեսզի միասին ուսումնասիրեն միաբջիջ օրգանիզմները, չէ այս մարդը հանճար չէ, ոչ էլ երևի Փիթեր Ջեքսոնն է հանճար կամ Ջեյմս Քեմերոնը։

Փոխարենը պետք է լռել, լրագրողներին արհամարել և փիլիսոփայել դա է հանճարի էությունը։ Մնում է Քրիստոսը Հովհաննես Մկրտչի հետ և Զևսն էլ կայծակի ու ամպրոպի միջից իջնեն երկիր խոնարհվեն ողջ կյանքում դրսերում ապրած, ոչնչի չխառնված, ոչ մի հարց չլուծած, գլուխը ոչ մի դարդի ու ցավի տակ չդրած «մեր հանճարների» առջև, որ փառավորումը ամբողջական լինի։

Համաշխարհային գրականության, բանահյուսության, գիտության, կինոյի, սպորտի, կրոնների և նույնիսկ քաղաքագիտության մեջ մեծ անհատների կենսագրականներում մարդկային համեստությունը մի ամբողջ վայելչություն է։ Իսկ մենք պոռոտաբան մեր բերաններով դարձնում ենք մարդկանց կուռքեր այն դեպքում, որ կուռքը, եթե ասի երկնքում 12560 աստղ կա հաշվել եմ, կընկալեն հերթական «իրենց լուռ հանճարի» փիլիսոփայություն, որովհետև նրանց կուռքն է ասել ու դա չի քննարկվում և նորից կբարձրացնեն կուռքի պատվանդանը մի քանի սմ․ ավել։

Կինոյում կադրային ճգնաժամ, գաղափարի ճգնաժամ, թատերական ինստիտուտի ուսանողների հազար ու մի չլուծված խնդիր, մի կողմից լավ ֆիլմ են նկարահանում կամ ներկայացում ստեղծում մեծ դժվարությամբ, մյուս կողմից էլ կռիվ են տալիս անճաշակության դեմ այնքան մինչև, որ հոգնում են դառնալով մատուցող, պիցցայի առաքիչ կամ էլ տաքսիստ։ Իրենց ստեղծածն էլ քամու հետ գնում է, որովհետև ոչ ոք նրանց չի պատրաստվում հետագայում ոչ օգնել, ոչ էլ ոգևորել։ Դա երբեք ուշադրության կենտրոնում չէ, կարևորը նորից կուռքն է իր շռայլ բառերով։

Մարդիկ տարիներ շարունակ կինոյում, թատրոնում, երգարվեստում, հեռուստատեսությունում աշխատում են, ստեղծում, սերունդ կրթում դա հեչ, կարևորը կուռքը մեջ։ Լավ դե ասենք կինոյի «հերն էլ անիծած» հազարավոր չլուծված և անծրագիր ինքնահոսի գնացող նաև մյուս ոլորտներում, չինովնիկին այդ խնդիրները չեն հետաքրքրում նրան շահավետ է, երբ կուռք են մատուցում սկուտեղի վրա։ Կուռքի հետ բոլոր գործերը դյուրին են։ Մեդալներ, ձեռքսեղմում, լուսանկարվել, ճոռոմ-ճոռոմ բառեր, սեղանին ջուր, շոկոլադ, ծաղիկներ և 19-րդ դարի երկրորդ կեսի թատրոնին բնորոշ ժպիտներ ու ծիծաղ։

Գիտեմ կուռքին ճոխ եք թաղելու։ Կգնաք ձեր ցիլոներով կմեծարեք, կթաղեք, տեսախցիկի առջև կասեք վերջին մոհիկան ու չգիտեմ ինչ հանրագիտարանային բառեր։ Վերջում էլ մի նոր արձան կամ ռաբիզ մի կիսանդրի կդնեք ու ցիլոն հանելով նորից կխոնարհվեք ու կգնաք նստելով ձեր «կաբինետը» կմիացնեք օդորակիչը սպասելով հաջորդ կուռքի կամ մեռնելուն կամ Հայաստան վերադառնալուն»։

Նմանատիպ նյութեր