211652_close_icon
views-count358 դիտում article-date 15:59 18-06-2022

Նիդերլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում բացվել է հայերեն գրքերի անկյուն

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։ Այս մասին հայտնեցին «Լուսավոր ապագա» հիմնադրամից:

Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) հիմնադրամի նախաձեռնությամբ Ամստելֆենի քաղաքային գրադարանում (De Bibliotheek Amstelland) հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։

Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը  շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։

Դեսպան Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից։

«Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) նիդերլանդական հիմնադրամի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում նշել է, որ չափազանց կարևոր է համարում հայերեն գրքերի առկայությունը Նիդերլանդների գրադարաններում. «Հայ ծնողներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն առիթն օգտագործել և հաճախ հանդիպել միմյանց գրադարանում, ընթերցել հայերեն գրքեր՝ պահպանելով և տարածելով մեր լեզուն»։

Բացի այդ, Կիրակոսյանի կարծիքով՝ հայկական անկյան առկայությունը արտասահմանցիների մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել՝ ծանոթանալ մեր մշակույթին, լեզվին, ուսումնասիրել հայատառ գրքեր և, առհասարակ, սա փոքրիկ գովազդ է մեր երկրի համար։

Քաղաքային գրադարանի (De Bibliotheek Amstelland) ուսումնական նախագծերի գծով մենեջեր Խերթրուդ Հուգենդորնի խոսքով՝ Ամստելֆենը միջազգային քաղաք է, և գրադարանի դռները միշտ բաց են այլազգի բնակիչների համար։

Նա հրավիրել է հայկական համայնքի ներկայացուցիչներին հայերեն գրքեր վերցնել ու կարդալ՝ ակտիվ օգտվելով «Գրքերի Աշխարհ» կոչվող անկյան նորաբաց հայկական «գրատնակից»։ Հայերեն գրքերը «Լուսավոր Ապագա»-ին է տրամադրել հայաստանյան «Անտարես» հրատարակչությունը: Գրքերը Նիդերլանդներ են տեղափոխվել Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Եթե կան այլ հրատարակչություններ կամ անհատներ հեղինակներ, կարող են կապ հաստատել Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամի) հետ (www.brightfuturenl.com; [email protected]) և հիմնադրամի միջոցով նվիրաբերել մանկական գրքեր Նիդերլանդներում բացված հայկական գրքերի անկյանը։

Նմանատիպ նյութեր