Արտակարգ դեպք Լոռու մարզում. մինչ բժիշկները պայքարում էին հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու կյանքի համար, ոստիկանները պարզել են առեղծվածային դեպքի հանգամանքները

Արտակարգ դեպք Լոռու մարզում. մինչ բժիշկները պայքարում էին հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու կյանքի համար, ոստիկանները պարզել են առեղծվածային դեպքի հանգամանքները SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 17:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի հրազենային փափածակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական  բաժնի խումբը՝ բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի գլխավորությամբ:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Ճոճկան գյուղի բնակիչ, 48-ամյա Կամո Գալստյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել որսի ժամանակ:
 
Ոստիկաններն  ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կ. Գալստյանը եղել է իր ընկերոջ՝ Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Լուսակ Մաթևոսյանի հետ՝ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով և գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ թաղամասին հարակից հանդամաս՝ իրենց պատկանող խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու, որոնք մոտ 2 օր է, հանդամասից չեն վերադարձել կացարան:
 
Փնտրելու ընթացքում հանդամասում նկատել են փորսուղ (չքառուկ), որի ժամանակ Կ. Գալստյանը կանգնեցրել է ավտոմեքենան, և իր մոտ լիցքավորված վիճակում գտնվող որսորդական երկփողանի ողորկափող հրացանից մոտ 15 մետր հեռավորությունից մեկ անգամ կրակել է նշված կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան, այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը դեպի իր ուղղությամբ պարզած, խզակոթով հարվածել և սատկացրել է կենդանուն, որի ժամանակ կենդանուն հարվածից պատահմամբ ինքնակրակոց է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Կ. Գալստյանը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ ընթացքում հարվածից ջարդվել է նաև հրացանը:
 
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
 
Ոստիկաններն ու քննիչները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի 1-ին փողոցի  թիվ 25 տան դարպասի մոտ կայանված վիճակում հայտնաբերել են Կ. Գալստյանին պատկանող Niva-ն, որի հետևի ձախակողմյան նստատեղի առջևի հատակին հայտնաբերել են 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը՝ խզակոթը կոտրված վիճակում, իսկ բեռնախցիկում հայտնաբերել է սպանված փորսուղը:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք