211652_close_icon
views-count7854 դիտում article-date 19:14 19-05-2022

Ես տարված եմ երկու ուղղություններով և փորձում եմ համատեղել դրանք. ատամնաբույժ երգիչը.... կամ հակառակը. հարցազրույց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ով գիտի, ե՞րբ և ինչպե՞ս, տոհմական բժիշկների դինաստիայում, Դավիթը կառնչվեր երգի հետ, եթե չլիներ ... լոգոպեդը։ Այո,  հենց նա խորհուրդ տվեց 3-ամյա երեխային հաղթահարել մանկական խոսքի թերությունը՝ առաջարկելով երգել այն ամենն, ինչ նա կցանկանար ասել: Հնարավոր է, լոգոպեդը՝ Աստծո նախախնամությունն էր խոսքի խնդիրը գնաց ու նրա փոխարեն եկավ սերը, անհաղթահարելի սերը՝ երգելու հանդեպ։

Համաձայնեք, երաժշտական կարիերայի յուրօրինակ և ոչ ստանդարտ սկիզբ։ Եվ ամեն ինչ կլիներ սովորական և կանխատեսելի, եթե չլիներ տոհմական բժիշկների դինաստիայան։ Ոչ, Դավիթի մասնագիտության ընտրության վրա ընտանեկան խորհուրդը ոչ մի ճնշում չի գործադրել։ Պարզապես, ինչպես հայտնի է, գեները՝ համառության ուժ ունեն, և Դավիթը ընտրեց ատամնաբույժի մասնագիտությունը։  Այժմ նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է և ոչ մի վայրկյան չի «դավաճանում» երգին։ «Բայց դա անհամատեղելի է» - կասեն շատերն ու  կսխալվեն։ Ինչպե՞ս է ապագա ատամնաբույժը համատեղում բժշկությունը երաժշտության հետ և ո՞րն է գերակա ուղղությունը, կիմանաք Դավիթի անմիջական պատասխաններից՝ անմիջական հարցերին:

- Բժշկական համալսարան ընդունվել եք առանց կոնսերվատորիային հետադարձ հայացք գցելո՞ւ ։

- Իրականաում, ես ընդունվեցի նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ, սակայն հետո ընտրություն կատարեցի բուհերի միջև և հետ վերցրեցի փաստաթղթերս։

- Ծանր չէ՞ր հրաժարվել սիրած զբաղմունքից:

- Անկեղծ ասած՝ ծանր էր։  Վախենում էի, որ ստոմատոլոգիան ինձ ամբողջությամբ կկլանի, բայց ամենից շատ վախենում էի, որ իմ կյանքի գործը՝ երգարվեստը, ինչ–որ մեկը կարող էր «հոբբի» անվանել։  Ես երբեք չէի զբաղվի ինքնախաբեությամբ, եթե չտեսնեի, որ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, եթե հետադարձ արձագանք չզգայի։  Եվ ես ասացի՝ ես կերգեմ, մինչև կյանքիս վերջին օրերը։

- Ո՞վ է Ձեր լսարանը, որո՞նք են ոճային կողմնորոշման չափանիշները:

- Մենք ապրում ենք բարդ ժամանակներում։ Ես ինքս, որպես երաժշտասեր-մելոման, տարբեր երաժշտություն եմ լսում և չափորոշիչը մեկն է՝ հոգուն դիպչում է կամ չի դիպչում։ Կցանկանայի, որ իմ երաժշտությունն էլ նույն կերպ ընկալեին։ Իմ երաժշտությունը ազգություն չունի։ Եվ դա, բնավ, տուրք չէ նորաձևությանը, ավելի շուտ, դա հնարավորություն է մոտեցնել և հաղորդակից դարձնել իմ արվեստին տարբեր ազգությունների ունկնդիրներին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնի իր հոգու մասնիկը:

- Ո՞ւմ հետ եք աշխատում և ո՞ւմ կարծիքը ձեզ համար շատ կարևոր է:

- Մարդ, ով ինձ հավատաց, ինքնավստահություն ներշնչեց, իմ ձեռքը տվեց խոսափողը, իմ խորհրդատու՝ Սերգեյ Օսիպյանն է, նա գրում է երաժշտություն, ես՝ երգի բառերը: Եվս մի անձնավորություն՝ Ռազմիկ Ամյան, ում երգերը մանկուց լսում էի, հավասարություն վերցնում նրա վրա։  Այսօր ստեղծագործական համագործակցություն ունեմ նրանց հետ, հաշվի եմ առնում ավագ ընկերներիս կարծիքը՝ մասնագիտական և կյանքի հարցերում։ Եվ, իհարկե, մայրս, նրա կարծիքն ու խորհուրդները ինձ համար շատ կարևոր են։

- Մի փոքր նոյթեղենի մասին։ Անվիճելի է, որ երկու մասնագիտությունները կարող են շահութաբեր լինել, բայց, այնուամենայնիվ, ստոմատոլոգիան ավելի կայուն է երևում։  Վառ օրինակ՝ համաճարակը, երբ ավելի քան մեկ տարի, աշխարհը երգի կարիքն այնքան էլ չէր զգում, փոխարենը, ատամներ բուժելու անհրաժեշտությունը մշտապես առկա էր։ Մտածե՞լ եք արդյոք, որ ստոմատոլոգիայից ունեցած եկամուտը ստիպված լինեք ներդնել սեփական արվեստը տարածելու մեջ։

- Կա այսպիսի մի ճշմարտություն. եթե դու ունես պլան «Ա» և անմիջապես  մշակում ես պլան «Բ»-ն՝ պլան «Ա»-ն չստացվելու դեպքում, ուրեմն դու առաջինում լիարժեք վստահ չես: Ես դեռ 4 տարի պետք է սովորեմ, և այդ 4 տարիների ընթացքում ես, վստահավար, չեմ վաստակի մեծ գումար, բայց չի բացառվում, որ այս ընթացքում ես կարող եմ հաջողության հասնել երգարվեստում։

- Այդ դեպքում, եթե ամբողջությամբ աշխատի պլան «Ա»-ն, մտավախություն կա՞ արդոք, որ հաջողված երգչին կարող են լուրջ չընդունել որպես հեռանկարային ատամնաբույժ: Նման բան մտածե՞լ եք։

- Այո, իհարկե, կարող են ասել՝ դու ի՞նչ ատամնաբույժ ես, եթե երգիչ ես և հակառակը։  Կարծում եմ, ժամանակը ցույց կտա, բայց մի բան մնում է անփոփոխ ՝ երաժշտությունը միշտ առաջնային է լինելու։ 

- Ատամնաբույժ Դավիթին ինչպե՞ս եք տեսնում:

- Շատ ծրագրեր կան, առաջին հերթին, ինձ տեսնում եմ իմ սեփական կլինիկայում։

- Կես կատակ, կես լուրջ։ Կարո՞ղ է ձեռք բերեք համբավ՝ կիրառելով իբրև ֆիրմային անզգայացում՝ Ձեր երգը։

- Կարևորն այն է, որ հասկանաս, թե ի՞նչ նպատակով ես ընտրում կյանքի այս կամ այն ճանապարհը՝ կոմերցիոն նպատակներով, փող աշխատես և վերջ, թե՞ դա է քո կյանքի իմաստը: Ստեղծագործելը, երգելը ինձ համար հաճույքի բարձրագույն աստիճան է, հատկապես, երբ իմ երգը հասնում է մեկ այլ մարդու հոգուն, օգնում է նրան կյանքի ինչ-որ իրավիճակում: Այս տեսանկյունից, բոլոր ունկնդիրները՝ պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար:

- Ուսանողական կյանքում երգարվեստն օգնո՞ւմ է:

- Այո, իհարկե։ Նույնիսկ եղել է դեպք, երբ երգեցի մի երգ և ստուգարք նշանակեցին ամբողջ խմբին (ծիծաղում է)։

- Հաճախ, բժիշկները, հատկապես ատամնաբույժները, հանդիպում են մի խնդրի։ Նրանք, ինչպես և բոլորը, ունեն դասընկերներ, համակուրսեցիներ, հարազատներ և բոլորն իրենց ծառայությունների կարիքն ունեն: Իսկ դուք՝ դրան գումարած, գործընկերներ շոու-բիզնեսից։ Դարձյալ կատակ-հարց։ Նախատեսո՞ւմ եք հատուկ զեղչեր գործընկերների համար:

- Անշուշտ, 200% զեղչեր, պարզապես անվճար, եթե ես լինեմ շոու-բիզնեսում, ես հաճույքով կվճարեմ նրանց փոխարեն:

- Դա լուրջ խոստում է, այն կարող են Ձեզ հիշեցնել…

- Խնդիր չկա, ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար (ծիծաղում է):

- Ատամնաբուժության մեջ կա՞ ստեղծագործական տարր:

- Ստոմատոլոգիան՝ արհեստ է, դու ամեն օր նույն բանն ես անում: Մարդը պետք է սիրի, նույնիսկ պաշտի իր գործը, որպեսզի իր կյանքի 25, 30 տարին անցկացնի ատամնաբուժական աթոռի մոտ։ Ամենասարսափելին՝ գնալ աշխատանքի, որը չես սիրում։  Այսօրվա դրությամբ, ես տարված եմ երկու ուղղություններով և փորձում եմ համատեղել դրանք։ Ամենավատն այն է, որ 20 տարի անց հասկանաս, որ չես էլ փորձել զբաղվել սիրած գործով։

- Պատմեք, խնդրեմ, առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին:

- Վերջերս տեղի ունեցավ «Թռչիր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Սա պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն է՝ երաժշտությունը՝ Սերգեյ Օսիպյանի և Ռազմիկ Ամյանի, գործիքավորումը՝ նույնպես Սերգեյ Օսիպյանի, Mix&Mastering-ը՝ Արարատ Զաքարյանի։  Բառերն իմն են, ես դրանք գրել եմ 15 տարեկանեւմ և գրեթե ոչինչ չեմ փոխել: Ես երջանիկ եմ, որ երգը մարդկանց դուր եկավ, դատելով արձագանքներից, հասկանում եմ, որ երգը մեկ օրվա համար չէ: Վերջերս սկսել եմ աշխատել SS Rroduction-ի հետ, մենք ունենք շատ ծրագրեր, գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: «Թռչնակը» (խոսքը «Թռչել» երգի տեսահոլովակի մասին է) կունենա երկրորդ սերիան: Մենք պատրաստում ենք ձեզ համար շատ հետաքրքիր, որակյալ երաժշտություն։

- Երազանք ունե՞ք:

- Բարդ հարց է ... Ես երազում եմ, որ երաժշտությունը, որը մենք ստեղծում ենք, լսեն ու սիրեն շատ մարդիկ: Որպեսզի այն հոգեպես ապաքինի մարդկանց։ Եթե դա երբևէ տեղի ունենա՝ ես շատ երջանիկ կլինեմ:

Զրուցեց՝ Սուսաննա Հովհաննիսյանը

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր