211652_close_icon
views-count1021 դիտում article-date 10:37 18-05-2022

Ջրի խնդիրը համալիր, շղթայական և ոչ տեղային լուծում է պահանջում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր երկրի ջրային պաշարների ոչ արդյունավետ կառավարման  համապատկերում հաճախ է խոսվում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունից։ Նույնիսկ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ունենք, որն ընդունվել է 2019 թ.՝ հիմք ընդունելով կառավարության 2016 թ. մարտի 31-ի թիվ 338-Ն որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետը։ Ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման հարցն աշխուժացավ, երբ Արարատյան ջրավազանային տարածքում լրջագույն խնդիրներ ծագեցին։ Բայց այդպես էլ չտրվեց այն հարցի պատասխանը, թե արդյոք այդ տեխնոլոգիաների ներդրումը հասանե՞լի է բոլորին եւ ամբողջ երկրում։

Որոշ փակագծեր բացենք՝ պատկերն ամբողջական նկարագրելու համար։ Երբ Արարատյան ջրավազանային տարածքում տարիներ առաջ շատ արագ սկսվեց ձկնաբուծարանների հիմնումը, ահազանգեցինք, որ դա կարող է խախտել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմը։ Ցավոք, ահազանգն այն աստիճան «մարմնավորվեց», որ գործադիրն էլ անդրադարձավ խնդրին։ Այդ ընթացքում պաշտոնական տվյալները 2013 թ. դրությամբ էին, ըստ որոնց՝ Արարատյան դաշտում գոյություն ունեցող 3318 հորատանցքերի փաստացի կեսից ավելին՝ 1781-ը, գործածվել էր, որոնցից գումարային ելքը կազմել էր 55.6 խմ/վրկ, որը 20.9 խմ/վրկ-ով կամ 1.6 անգամ գերազանցել էր 1984 թ. հաստատված (34.6 խմ/վրկ) թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը, իսկ Մասիսի տարածաշրջանում այն գերազանցել էր 4.5 անգամ: Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումը գագաթնակետին հասավ 2014 թ.:

Բնապահպանության նախարարությունը չհերքեց, որ ձկնարդյունաբերության բուռն զարգացումը եւ վերահսկողության բացակայությունը խիստ բացասաբար են անդրադարձել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմի վրա: Կարճ ասած՝ ստորերկրյա ջրերի շահագործման ռեժիմը խախտվել էր: Դա էլ հանգեցրել էր ինքնաշատրվանող հորատանցքերում ճնշումային ջրերի մակարդակի կտրուկ անկման եւ դրանց տիրույթի գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ճնշումային ջրերի դրական ճնշման գոտու կրճատման, բնաղբյուրների ելքերի անկման, կոլեկտորադրենաժային ցանցի գերծանրաբեռնվածության եւ իրենց բուն նպատակին չծառայելուն: Եվ նախարարությունն իրավիճակը շտկելու քայլերի ծրագիր մշակեց, որոնցից մեկն էլ հենց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանն էր վերաբերում, որի հայեցակարգն էլ 2019 թ. տարեսկզբին հաստատեց կառավարությունը: Ինչու էր խնդիրն այդքան լրջացել։

Բանն այն է, որ մեր երկրի ընդհանուր ջրային հաշվեկշռում կարեւոր դեր ունեն ստորերկրյա ջրային պաշարները: Բնապահպանության նախարարության տվյալներով՝ խմելու ջրի մոտ 96 տոկոսն ու ընդհանուր ջրառի շուրջ  40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրային ռեսուրսները, որոնց գերակշիռ մասն օգտագործվում է ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար։ 2019 թ., երբ այս հարցն օրախնդիր էր, նշվեց, որ 2014 թ. ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար օգտագործվել է ջրի 86 տոկոսը, իսկ 2015 թ.՝ 90 տոկոսը (տվյալները մեջբերված էին Հայաստանի վիճակագրական տարեգրքից (2016 թ.): Սրանից զատ կար մեկ այլ գերխնդիր։ Այդ  ծավալի ջրառ անում էինք, բավ չէր, դեռ մի բան էլ ուղիղ կեսը կորցնում էինք: Ըստ 2016 թ. տվյալի՝ ոռոգելի 208.3 հազ. հեկտարից 154.8 հազ. հա-ն  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որոնք ամբողջությամբ չեն ոռոգվում ջրային պաշարների ոչ արդյունավետ գործածման պատճառով: Այլ կերպ՝ ոռոգման ջրի կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի: Կարեւոր էր հասկանալ մի բան, սակայն. իրավիճակի մեղավորը ոչ թե ձկնաբուծությունն էր, այլ այն չվերահսկելը: Այդ ժամանակահատվածում  250-ից ավելի ձկնաբուծարանների 76 տոկոսը Արարատի եւ Արմավիրի մարզերում էին: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր