211652_close_icon
views-count877 դիտում article-date 14:55 17-05-2022

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Միքայել Թումասյանի  հեղինակած ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, ի վերջո, հնարավորություն լինի ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը: Այդ նպատակով սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը նախատեսվում է տեղադրել նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձը կհամարվի պատշաճ ծանուցված: «Այս նախագծով փորձում ենք լուծել խնդիրները եւ թույլ չտալ, որպեսզի հաղթեն ապօրինությունը, անօրինականությունը եւ թույլ չտանք քաղաքացիներին չկատարել պետության ու հասարակության առջեւ ունեցած պարտավորությունները»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն քաղաքացիների վարքագծին, ովքեր փորձում են օգտվել օրենքի բացերից եւ չծանուցվել:

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում: Մասնավորապես, կնվազի ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսված գումարը:

Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ Կառավարությունն իրավական տեխնիկային վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը կարեւորել է նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր