211652_close_icon
views-count606 դիտում article-date 11:17 17-05-2022

Դասընթացներ տեղահանված արցախցիների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ապրիլի 29-ից Երեւանում սկսվել են սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացները՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ նման դասընթացներ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների կենտրոնի մասնագետների եւ Երեւանի պետական համալսարանի մասնագետների հետ Արցախում արդեն անցկացրել են 4 խմբի համար:

Երեւանում առաջին անգամ է արցախցի տեղահանվածների համար կազմակերպվում: Դա հնարավոր դարձավ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման» ծրագրի շնորհիվ։ Նախօրոք ասոցիացիայի կողմից հայտարարություն է տարածվել, եւ մասնակիցների հետ հարցազրույցներ են իրականացրել մասնագետները։ Մ. Անտոնյանը հավելեց նաեւ. «Արցախում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ հիմնել է մագիստրոսական ծրագիր Մեսրոպ Մաշտոց եւ Արցախի պետական համալսարաններում։ Մ. Մաշտոց համալսարանում ուսանում են 20, իսկ սեպտեմբերից ԱրՊՀ-ում կուսանեն եւս 10 ուսանողներ։ Մագիստրոսական ծրագրի նպատակն այն է, որ Արցախում ինստիտուտավորվի սոցիալական աշխատանք մասնագիտությունը։

Ընդհանուր առմամբ՝ Հայ օգնության ֆոնդի եւ Հայ կրթական հիմնադրամի միջոցներով Արցախում արագացված դասընթացներում ընդգրկված մոտ 100 մասնակիցներից 32-ն արդեն անցել են աշխատանքի նորաբաց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում։ Մյուսները կանցնեն աշխատանքի, երբ բացվեն կենտրոններ բոլոր շրջաններում եւ խոշոր համայնքներում։ Իսկ ՀՀ տեղահանված արցախցիներին աջակցելու համար, եթե սովորել ցանկացողներն ավելի շատ լինեն, ապա եւս մեկ խումբ կպատրաստենք։ Մեր հաշվարկներով՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների հետ աշխատելու համար անհրաժեշտ է մոտ 35 մասնագետ, ովքեր կընտրվեն վերապատրաստված 50 կամ  ավելի  մասնակիցներից։ Ցանկացողները կարող են գրանցվել ասոցիացիայի կայքէջում»»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր