211652_close_icon
views-count3091 դիտում article-date 23:48 16-05-2022

Վիեննայում կայացած գիտաժողովը անհանգստացրել է ադրբեջանցիներին. «Ա1+»

Մայիսի 13-14-ին Վիեննայի Պատմական արվեստների թանգարանում կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Գիտաժողովի մասին «Ա1+»-ին մանրամասներ է հայտնել Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը։

«Գիտաժողովը կազմակերպվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից»,- պատմում է Սոնա Բալոյանը հավելելով, որ միջազգային և հայ բանախոսները գիտաժողովին ընդգծեցին, որ 2020թ․-ի պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր, Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայ մշակութային հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։

Սոնա Բալոյանի խոսքով՝ ադրբեջանցիները, երբ տեղեկացել էին, որ այս թեմայով գիտաժողով է լինելու, փորձել էին խոչընդոտել, որպեսզի գիտաժողովը չկայանա: «Գիտաժողովից առաջ տեղի ադրբեջանական համայնքն ու դեսպանատունը նամակներ էին ուղարկել միջոցառման մասնակիցներին, Վիեննայի պատմական արվեստների թանգարանին, Ավստրիայի պետական կառույցներին, նույնիսկ՝ բանակին»,- պատմում է Սոնա Բալոյանը և հավելում, որ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվեցին փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ, որոնք անհերքելի հիմք են տալիս պնդելու հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող համակարգային վանդալիզմի մասին և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության»,- ասաց Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր