Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց

Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
 
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում՝ բացի ատրճանակից, եղել է նաև ոսկյա վզնոց և թևնոց:
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գեղամ Ա.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
 
Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2016 թվականին, Երևանում գողացել էին նաև «Կադիլակ Սերոժ» մականվամբ՝ Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանին՝ որպես պարգև տրված ատրճանակը, որը նույնպես տրվել էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել 2016թ. նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել էր Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել էին ներս և այնտեղից գողություն կատարել։

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էր նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի էր «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։ Նրա տանից գողացել էին նաև 2016 թվականին Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք