211652_close_icon
views-count698 դիտում article-date 10:43 14-05-2022

Նորի՞ց՝ սեփական կետից․ պարզ չէ, թե հանուն ինչի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուրբաթ օրը Դուշանբեում կայացան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սկզբից երկկողմ, իսկ այնուհետեւ՝ եռակողմ հանդիպումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվում էին սահմանագծման եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման խնդիրները:

Մինչ այդ տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի եւ մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը: Ըստ վերջինիս` Հայաստանը ադրբեջանական 5 հայտնի կետերին ավելացրել է իր 6 կետերը, որոնց մեջ ներառված են արցախահայության ավտանգության խնդիրները: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցներում նշվում է, որ նման խնդիրներ Հաջիեւի հետ չեն քննարկվել, քանի որ դրանք, ըստ հարեւան երկրի քարոզչության, Ադրբեջանի ներքին գործն են:

Իսկ ինչ մնում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի, բանակցությունների առարկա է «Ղազախի շրջանի», այսինքն՝ Տավուշի մարզի յոթ գյուղերի, ինչպես նաեւ Տիգրանաշենի՝ իրենց անվանմամբ՝ «Քյարքիի» փոխանցումն Ադրբեջանին: Սրանք, որքան հասկանում եմ, պահանջներ են, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրել է Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ: Թե ինչ է դրան պատասխանել Արարատ Միրզոյանը` առայժմ հայտնի չէ:

Այժմ Հայաստանի իշխանության առջեւ բարդագույն խնդիր է կանգնած. խուսափելով պատերազմի վերսկսումից՝ խույս տալ նաեւ անբարենպաստ փաստաթղթի ստորագրումից: Դա շատ դժվար կլինի անել՝ մանավանդ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի լուծարումը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնի վրա: Ժամանակն ընդհանրապես մեր օգտին չի աշխատում. Ռուսաստանը գնալով թուլանում է Ուկրաինայում սանձազերծած իր խելահեղ պատերազմի պատճառով: Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն այս տարածաշրջանից հեռու են թե՛ աշխարհագրորեն, թե՛ քաղաքական առումով: Ըստ ռուսական ասացվածքի՝ до царя далеко, до бога высоко: Այս պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ կլինեն:

Ի՞նչ է ասում փողոցում պայքար մղող ընդդիմությունը: Նա փաստացի ասում է՝ իշխանափոխություն անենք, եւ հետո մենք բանակցությունները կսկսենք «զրոյական կետից» կամ «մեր սեփական կետից»: Բայց գործնականում նրանք, չհասկանալով դա, ձգտում են վերջնական ստորացման բեռն իրենց վրա վերցնել: Պարզ չէ, թե հանուն ինչի: Նախ՝ նոր եկածներին առաջարկվող պայմանները, շատ հավանական է, ավելի վատն են լինելու՝ վերը նշված պատճառով:

Երկրորդ՝ անցած տարվա տվյալներով, Փաշինյանն ունի 680 հազար երկրպագուներ, որոնք, ենթադրում եմ, ծափահարելու են վարչապետի ցանկացած քայլին: Էլ ոչ մեկին այդքան ծափահարող չի լինի: Այնպես որ թող մինչեւ վերջ վայելեն իրենց ընտրության պտուղները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր