«ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. Հայաստան են այցելելու նաև պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից

«ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. Հայաստան են այցելելու նաև պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից Նախադեպը չունեցող «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը՝ որպես մշակութային կենտրոն, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, այդպիսով՝ խթանելով նաև մեր երկրի տնտեսության ակտիվությանը։ Այս մասին մայիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՀԱՅԱ»փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ 2022 թ.-ին փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը: Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Բոլոր համերգները կանցկացվեն Հրազդան մարզադաշտում։

«Նախագիծը կնպաստի Հայաստանի PR-ի և իմիջի էլ ավելի լավացմանն ու ճանապարհ կբացի համաշխարհային այլ՝ էլ ավելի հռչակավոր անունների համար, ովքեր կգան Հայաստան և հանդես կգան ելույթներով։Մենք գովազդելու ենք Հայաստանը, ցույց ենք տալու մեր երկիրը որպես խաղաղ, կայուն, ծաղկող վայր, որն ունի փառահեղ ապագա։ Մեր համերգները լսելու են 30-50 հազար մարդիկ։ Ելույթ են ունենալու արտիստներ, որոնց համերգներին մասնակցելը երազանք է։ Պետք է ասեմ, որ միայն այս երեք արտիստներով փառատոնը չի սահմանափակվելու։ «ՀԱՅԱ»-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն և որոնց անունների հրապարակումը ևս մեծ ցնցում կառաջացնի: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ համերգների հետ կապված իրարարանցում է առաջացել ոչ միայն Հայաստանում և տարածաշրջանում, այլև սփյուռքում։

Սոնա Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց նաև Հրազդան մարզադաշտին՝ նշելով, որ օգտագործում են դաշտի մի մասը։

«Վստահեցնում եմ, որ մարզադաշտը ունակ է հյուրընկալելու այդ համերգները։ Փառատոնը մարզադաշտի կյանքում մեծ դեր է խաղալու․ այդ կառույցը երկրորդ կյանք և շնչառություն կստանա։ Նշեմ նաև, որ այդ օրերին հատուկ փառատոնային մթնոլորտ ու միջավայր է լինելու ամբողջ մարզադաշտի տարածքում»,-հավելեց նա։

Փառատոնի շրջանակում Հայաստան են այցելելու պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, հնարավոր է լինեն Հոլիվուդյան դերասաններ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Սոնա Հովհաննիսյանը փաստում է՝ այն վերաբերմունքը, ջերմությունը, որով Հայաստանն ընդունում է հյուրերին,  իրենց դարձնում է մեր երկրի ընկերներն ու բարեկամները և այդ բարեկամությունը ի շահ Հայաստանի է ծառայում։ Եվ իրենք աշխատելու են բոլոր գերատեսչությունների հետ՝ մաքսիմալ ապահովելու փառատոնի հանրահռչակումը։

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար:  Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:

«ՀԱՅԱ»փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրենՍոնա Հովհաննիսյանը։ «Երևանյան Հեռանկարներ»-ի շրջանակներում Հայաստանում ելույթներ են ունեցել Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Շառլ Ազնավուրը, Ջորջ Բենսոնը, Լառա Ֆաբիանը, Գառուն, Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Լոնդոնի ևՎիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք։«Երևանյան Հեռանկարներ»-ը ևս շարունակվելու է՝ հյուրընկալելով համաշխարհային աստղերի։
 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք