211652_close_icon
views-count1109 դիտում article-date 20:30 29-04-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանոթնալու հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը և իրավական ոլորտում ունեցած ավանդին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։

Անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, հայ ժողովրդի համար հատկապես այս դժվարին ժամանակներում, Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

 Վեհափառ Հայրապետը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը քրիստոնեական  հավատքի շնորհիվ և բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները:
 
 

Նմանատիպ նյութեր