211652_close_icon
views-count1810 դիտում article-date 14:08 20-04-2022

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Վրաստանի կիբերանվտանգությունն Ուկրաինայում իրավիճակի ֆոնին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ուժեղացնի Վրաստանի կիբերանվտանգությունը Ուկրաինայում հատուկ օպերացիայի ֆոնին։

«Ես այստեղ եմ՝ Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի հետ նոր առաջարկներն ու նախաձեռնությունները քննարկելու համար։ Ես հանդիպումներ կունենամ Վրաստանի պաշտպանության նախարարությունում եւ արտաքին գործերի նախարարությունում»,- չորեքշաբթի վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Ապատուրայը: Նա հավելել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան ցույց տվեց, որ «անհրաժեշտ է ուժեղացնել Վրաստանի կիբերանվտանգության հնարավորությունները»։

Ապատուրայը Թբիլիսի է ժամանել չորեքշաբթի գիշերը։ Պաշտոնական հանդիպումներից բացի, նախատեսված է նրա ելույթը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին։ Պատգամավորների հետ հանդիպումը կանցկացվի փակ ձեւաչափով։

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովին հայտարարել էր երկրի՝ դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին։ Այս ձգտումը հաստատել էր նաեւ հաջորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ 2012-ին իշխանության եկած «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը շարունակեց ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղին։ 2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ գրառում հայտնվեց. «Սահմանադրական մարմիններն իրենց իրավունքների եւ լիազորությունների շրջանակներում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ Եվրամիությանը եւ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար»:

Նմանատիպ նյութեր