Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ Համբարձում Մաթևոսյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Հայտնում է Համբարձում Մաթևոսյանի գրասենյակը:
«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար:
Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո: