211652_close_icon
views-count5418 դիտում article-date 19:05 26-03-2022

Զելենսկին Դոհայի համաժողովում հարուստ պաշարներ ունեցող երկրներին կոչ է արել ավելացնել նավթի ու գազի արդյունահանումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը էներգառեսուրսներով հարուստ երկրներին կոչ է արել ավելացնել նավթի եւ բնական գազի արդյունահանումը, որպեսզի դիմակայեն ռուսական մատակարարումների կորստին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում, հայտնում է The New York Times-ը։

Զելենսկին Դոհայի համաժողովի ժամանակ անսպասելի տեսաուղերձով է հանդես եկել։

Ուկրաինայի նախագահը խնդրել է երկրներին ավելացնել էներգակիրների արտահանումը, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ Կատարը բնական գազի արտահանման համաշխարհային առաջատարն է։ Արեւմտյան պատժամիջոցները լրջորեն կրճատել են ռուսական արտահանումը, որը շատ կարեւոր նշանակություն ունի եվրոպական երկրների համար:

«Պատասխանատու պետություններ, մասնավորապես՝ Կատարի պետություն, դուք էներգառեսուրսների հուսալի եւ հեղինակավոր մատակարարներ եք»,- ասել է Զելենսկին։ «Եվ դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ Եվրոպայում իրավիճակի կայունացման գործում։ Շատ բան կարելի է անել արդարությունը վերականգնելու համար»։

«Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից։ Կոչ եմ անում ձեզ ավելացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ ոչ մի պետություն չպետք է էներգիան օգտագործի որպես զենք եւ շանտաժի ենթարկի աշխարհին»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր