Մեծապես արժևորում ենք Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյան

Մեծապես արժևորում ենք Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյան Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել է Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխաջակցությունը բազմակողմ հարթակներում՝ նշելով, որ անցած տարիներին Հայաստանի և Եգիպտոսի միջև հաջողվել է ձևավորել ամուր միջպետական կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։

Այս նշանակալի հոբելյանի առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Եգիպտոսը հետագայում ևս կնպաստեն փոխգործակցության առավել ամրապնդմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։ Երկկողմ փոխգործակցությունը մշտապես եղել է և շարունակում է լինել արդյունավետ՝ նկատելի հաջողություններ գրանցելով տարբեր ոլորտներում։ 

Եգիպտոսի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, էներգետիկան, ենթակառուցվածքները և դեղագործությունը։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք