Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն  3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել:

Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ:

Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն ու  Արթուր Մինասյանը տարբեր հատվածներում պարզում են՝ արդյոք վթարների հետևանքով տուժած քաղաքացիներ կան:

Հետաքննիչները պարզում են վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ  զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր կատակով ասում էին. « Ճանշինի  խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է  մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք