Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի  հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է:



-Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:



-Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:

Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք