211652_close_icon
views-count1066 դիտում article-date 11:11 20-01-2022

Ի պաշտպանություն արհեստավարժության․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս վերընթերցեցի 1998թ.-ին «Առավոտում» հրապարակված մի նյութ՝ այն ժամանակվա ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանի մասին: Նյութը գրված է թեթեւ հումորով, բայց պարոն Սանդոյանը ոչ միայն չնեղացավ դրանից, այլեւ հակառակը՝ այն ժամանակվանից մինչեւ այս պահը բարեկամական հարաբերություններ է պահպանում թե՛ հոդվածի հեղինակի, եւ թե՛ մեր թերթի հետ:

Պատկերացնում եմ, որ եթե հիմա նման նյութ հրապարակվեր որեւէ նախարարի մասին. իշխանավորները նույն պահին կհայտարարեին, որ նրանք գիտեն, թե ում պատվերն է դա, իսկ նրանց համակրող օգտատերերը կգրեին՝ «du el es caxvel qochin»: Եթե հոդվածը գրվեր ընդդիմադիր պատգամավորի մասին, ապա արձագանքը նույնատիպ կլիներ, բայց դավադրապաշտության, կասկածամտության եւ պարանոյայի արդեն «հակառակ» դրսեւորումներով:

Շատերը, երեւի, կհիշեն, որ 1998-ի իշխանափոխությունից հետո ձեւավորվել էր «արհեստավարժների կառավարություն», այսինքն՝ նախարար էին դարձել  հիմնականում չկուսակցականացված մասնագետներ (Սանդոյանը՝ նրանց թվում): Մենք հեգնանքով էինք վերաբերվում նման նախագծին, եւ հիմա էլ, ճիշտն ասած, ես կարծում եմ, որ դա կարող է լինել զուտ ժամանակավոր լուծում: Նախարարները պետք է իրականացնեն, կյանքի կոչեն ընտրություններում հաղթած քաղաքական ուժի գաղափարները, ծրագրերը, եւ այդ ուժը պետք է պատասխանատվություն կրի նախարարների համար: Նախարարները, հետեւաբար, պետք է քաղաքական թիմ ներկայացնեն:

Բայց քաղաքական թիմ ներկայացնելը չի նշանակում լինել տգետ, ինքնահավան, բարդույթավորված եւ, ըստ այդմ, տառապել ինքնահաստատվելու մոլուցքով: Հակառակը՝ նախարարները պետք է լինեն հնարավորինս լայնախոհ, ունենան արհեստավարժների «ուղեղային կենտրոններ», եւ իրենց ժամանակի մեծ մասը անցկացնեն ոչ թե ֆեյսբուքում իրենց մասին փիս-փիս բաներ «որսալու» եւ «հակագրոհ կազմակերպելու», այլ՝ մասնագետների հետ շփվելու վրա: Նույնն, իհարկե, վերաբերում է մնացած կարեւոր պաշտոնյաներին, ինչպես նաեւ՝ պատգամավորներին:

․․․ Բոլոր դեպքերում մտավորական պաշտոնյաներ ունենալը լավ է՝ նրանք զուրկ են «քառակուսիությունից», դոգմատիզմից, որոնք սովորաբար հատուկ են քաղաքական գործիչներին եւ նրանց չափից դուրս խանդավառ ադեպտներին: 2018 թվականից հետո իշխանության մեջ հայտնվեցին մի շարք ինտելեկտուալներ (եթե «մտավորական» բառը ձեզ դուր չի գալիս)՝ Դավիթ Անանյան, Սմբատ Գոգյան, Սարհատ Պետրոսյան եւ ուրիշներ. նրանք, ինչպես եւ ես, մտածում էին, որ հեղափոխությունը շանս է տալիս դուրս գալու «հետխորհրդային ճահճից»: Այժմ այդ մարդիկ իշխանության մեջ չեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր