Դասախոսները «նալյոտի» տակ են․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԵՊՀ ղեկավար կազմը դեկանների հետ առանձին հանդիպումներ է ունեցել և փորձել ներկայացնել գլխավոր պահանջները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին աստիճանաբար իզոլացնելու կամ լիարժեք «կանտրոլի» տակ պահելու նպատակով։ Սակայն, կարծես, ամեն ինչ իշխանության ցանկությամբ չի ընթանում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի դեկաններ հայտարարել են, որ նման պահանջն անհեթեթություն է, դասախոսներն ազատ մարդիկ են, մտավորականներ, և հնարավոր չէ նրանց քաղաքական կամ հասարակական դիրքորոշում պարտադրել: Այս վիճակը զայրացրել է նաև դասախոսներին:
Մեր տեղեկություններով, դասախոսների զգալի մասը հայտարարել է, որ հավատարիմ են մնալու իրենց հայացքներին և չեն պատրաստվում անցնել իշխանությունների «թրի տակով»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։