211652_close_icon
views-count1797 դիտում article-date 19:37 19-01-2022

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Չավուշօղլուի հետ հանդիպումից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։

«Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարևել միմյանց, ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ և սկսել գործընթացը։ Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ դրական են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ որևէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա և քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ, հաղորդագրություն չի եղել։

Նմանատիպ նյութեր