211652_close_icon
views-count799 դիտում article-date 16:56 17-01-2022

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան ինստիտուտում փորձարկվել է շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նախագծվել, պատրաստվել ու փորձարկվել է շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգը: Բնական պայմաններում փորձարկումների միջոցով ստացվել են տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի տատանման նոր ձևերը: Այս աշխատանքները իրականացվել են «Շենքերի և կառուցվածքների սեյսմիկ անվտանգության գնահատման և ապահովման դիստանցիոն մոբիլ համակարգ» թեմայով ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

«Հայաստանում սեյսմակայուն շինարարության գիտական դպրոցը զարգանում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինը՝ սեյսմակայունության տեսության կատարելագործմանն ուղղված հետազոտություններն են, թե որքանով են տեսական հաշվարկները, հաշվարկային սխեմաները համապատասխանում իրականությանը: Երկրորդը՝ շենքերի բնական պայմաններում փորձարկումներն են, որոնք հնարավորություն են տալիս պարզելու շահագործվող շենքի վարքը իրական երկրաշարժի վերաբերյալ: Բացի այդ, դա հնարավորություն է տալիս եզրակացություն անել շահագործվող շենքի իրական վիճակի մասին, գնահատել վնասվածության աստիճանը» - ասաց գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:  

Նա նշեց, որ շենքերը շահագործման ընթացքում ենթարկվում են բնական և տեխնածին ազդեցությունների: Դրա պատճառով շենքերում առաջ են գալիս որոշակի վնասվածության աստիճաններ, որոնք անհրաժեշտ է ժամանակի ընթացքում պարզել ու գնահատել: «Սպիտակի 1988 թ-ի աղետալի երկրաշարժի ժամանակ ավերվեցին բնակելի ֆոնդի տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքեր, որոնք գտնվում էին տարբեր գրունտային պայմաններում: Սպիտակի երկրաշարժի մակրոսեյսմիկ դիտարկումների տվյալների համակողմանի վերլուծությունը ցույց տվեց, որ եղել են դեպքեր, երբ երկրաշարժի ժամանակ հին շենքերի երկրաշարժադիմակայունությունը եղել է ավելի բարձր, քան նոր կառուցված շենքերինը: Մինչ օրս իրականացվում են հետազոտություններ՝ պարզելու ավերվածությունների հնարավոր հիմնական պատճառները: Նմանատիպ շենքերն այսօր շահագործվում են նաև Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում, մասնավորապես՝ Երևան քաղաքում: Այդ պատճառով ներկայում հրատապ է համարվում իրականացնել լայնածավալ հետազոտություններ՝ պարզելու հին և նոր շենքերի վարքը երկրաշարժերի ժամանակ», - ասաց Ջոն Կարապետյանը:

Այս համակարգը կիրառվում է շենքերի տեխնիկական վիճակի հետազննության, վարքի ուսումնասիրման, ախտորոշման նպատակով քաղաքաշինության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում: Այն կարող է օգտագործվել ռեգիոնալ կայանների, երկրաշարժերից անմիջապես հետո օջախային գոտում օպերատիվ դիտարկումների կազմակերպման, ջրամբարների պատվարների վարքի ուսումնասիրման, վաղ ազդարարման համակարգերի մշակման նպատակով:

«Դժվար չէ նկատել, որ գիտական մշակումը ժամանակի ընթացքում դարձել է շոշափելի արդյունք, որն էլ ներդրվել է տնտեսության զարգացման գործում: Նմանօրինակ մշակումներ ունի Ռուսատանի Դաշնությունը, կոչվում է «СТРУНА», ճապոնական հայտնի «OYO» ընկերությունը և այլ կազմակերպություններ: Սակայն դրանց ձեռքբերումը բավականին թանկ է», - ասաց Ջոր Կարապետյանը:

Հետազոտությունների շրջանակներում ձեռք են բերվել մշակումների հեղինակային իրավունք, արդյունքները տպագրվել են Scopus գիտական շտեմարաններում ընդգրկված միջազգային հանդեսներում, այդ աշխատանքների վրա կան բավականաչափ միջազգային հղումներ: Մշակված համակարգի տվիչները միջազգային մասնագետների կողմից երաշխավորվում են մասսայական կիրառության, հատկապես շենքերի վիճակի ախտորոշման, վնասվածության աստիճանի գնահատման նպատակով:

«Նմանօրինակ մշակումներ, որոնք իրականացրել է ինստիտուտի գիտական խումբը, ունի մի շարք առաձնահատկություններ, որոնք այսօր ի զորու է իրականացնելու միայն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ իր գիտական պոտենցիալով ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներով», - ասաց Ջոն Կարապետյանը:

Աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ, ովքեր իրականացրել են իրենց թեկնածուական աշխատանքները «Տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի դինամիկ բնութագրերի հետազոտությունները բնական պայմաններում փորձարկումներով» թեմայով, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:

 ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական
ծառայություն

 

Նմանատիպ նյութեր