Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.



«32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:

Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք