211652_close_icon
views-count1282 դիտում article-date 10:15 14-01-2022

Ո՞վ է Եվրոպայի անվտանգության գլխավոր երաշխավորը` ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, թե՞ բոլորը միասին․ «Ամերիկայի ձայնը»

Ռուսաստանը հարյուր հազարից ավելի թվակազմով զորքեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Մոսկվան դժգոհում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական հզորացումից և նախազգուշացնում է առճակատման վտանգի մասին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Լարվածության նման պայմաններում Ժնեւում այս շաբաթ հանդիպում անցկացվեց Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ: Սակայն բանակցություններին չէր մասնակցում Եվրոպական միությունը, ինչը շատերի մոտ առաջ է բերել հիասթափություն:

Ինչպես Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն է ասել. «Այս զրույցը պիտի չունենար միայն երկու դերակատար: Խնդիրը միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ չէ. Եթե ցանկանում ենք խոսել Եվրոպայի անվտանգության մասին, ուրեմն եվրոպացիները նույնպես պիտի լինեն սեղանի շուրջ նստած»:

Սակայն Եվրամիությունն ուշացել է սեղանի շուրջ լինելու համար, ասում է վերլուծաբան Լիանա Ֆիքսը։

«Այստեղ խնդիրն այն է, որ Եվրամիությունը պաշտոնապես չէր ներգրավվել 2014 թվականի բանակցություններին: Դա այն ժամանակ էր, երբ իրականում սկսվեց ուկրաինական ճգնաժամը։ Այն ժամանակ մասնակցում էին Գերմանիան և Ֆրանսիան, սակայն չկար Եվրամիության ներկայացուցիչ», հիշեցնում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ Եվրամիության շրջանակներում այժմ փորձում են պարզել, առանձին վերցված երկրներն են ավելի ազդեցիկ, թե Եվրամիությունը` որպես հաստատություն»:

Ֆրանսիան է այսօր Եվրամիության «ռազմավարական ինքնիշխանության» դերը մեծացնելու գործում գլխավոր դերակատարը: Փարիզը հայտարարում է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը մտածված կերպով է փորձում շրջանցել Եվրամիությանը:

Ինչպես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն է ասում, «Պուտինը փորձում է սեպ խրել եվրոպական միասնության մեջ»:

Մոսկվան նաև նպատակ ունի խարխլել անդրատլանտյան դաշինքը, պնդում է վերլուծաբան Պետրո Բուրկովսկին։

«Ռուսաստանն օգտագործում է այդ բանակցությունները ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների միջև փոխվստահությունը ոչնչացնելու համար և փորձում է ցույց տալ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել իր անվտանգությունն ու քաղաքականությունը Եվրոպայում` եվրոպացիների թիկունքում»:

Առանց սեփական ռազմական ուժի, Եվրամիությունը՝ որպես ինստիտուտ, կարող է լուրջ չընդունվել Մոսկվայի կողմից: Բայց այն ունի՛ առանցքային դեր, ասում է վերլուծաբան Ֆիքսը:

«Երբ այսօր խոսք է գնում ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սկսելու մասին, Եվրամիությունն է, որը պետք է ներկայացնի այդ պատժամիջոցների փաթեթը և պետք է ներկայացնի բոլոր անդամ երկրների համաձայնությունը», հիշեցնում է նա։

Ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա պետք է ասել, որ Միացյալ Նահանգները պարբերաբար է շեշտում Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ ամուր կապը: Հիշենք բանակցություններում ԱՄՆ-ի բանակցային խմբի ղեկավար, երկրի փոխպետքարտուղար Վենդի Շերմանի խոսքերը, որն ասել է. «Կարծում եմ, որ Ռուսաստանն իր գործողություններով, առանց դա ակնկակելու, ավելի է միավորել ողջ Եվրոպային, ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցներին»։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության 21 անդամ պետություններ նաեւ հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ: Այնպես որ, չնայած որոշ տարակուսանքներին, ինչպես վերլուծաբաններն են ասում, Եվրամիությունն ընդունում է ու լավ գիտակցում, որ հյուսիսատլանտյան դաշինքն է մնում իր անվտանգության գլխավոր երաշխավորը:

Նմանատիպ նյութեր