211652_close_icon
views-count4011 դիտում article-date 23:22 08-01-2022

Մոսկվան ինչու՞ պիտի խնայեր Նազարբաևին. Վահրամ Աթանեսյան

Հետխորհրդային Ղազախստանում արտաքին ներդրումների ծավալով Ռուսաստանը վերջինն է։ Հանքարդյունաբերության, նավթի եւ գազի արդյունահանման արդիականացման, տարանցման ենթակառուցվածքների ստեղծման, մի խոսքով՝ ղազախստանյան ,,հրաշքի ճարտարապետները,, բացառապես արեւմտյան կորպորացիաներն են, իսկ ամենաազդեցիկը՝ ամերիկյան ,,Շեւրոնը,,։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Ամեն ինչ արվել է Նազարբաեւի իշխանության երեսուն տարիներին, երբ ոտնահարվել է ժողովրդավարությունը, ընտրությունների ինստիտուտը՝ չեղարկվել, մարդու իրավունքները եւ ազատությունները՝ բռնաճնշվել։ Նազարբաեւը, ճիշտ է, դուրս է եկել ԽՄԿԿ ,,շինելից,,՝ ինչպես հետխորհրդային այլ երկրների առաջնորդներ, բայց միջազգային հեղինակության է հասել Արեւմուտքի առնվազն լուռ համաձայնությամբ։

Ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ առանձին վերցրած եվրոպական որեւէ երկիր երբեւէ սկզբունքորեն չի վիճարկել նրա լեգիտիմությունը, Ղազախստանի նկատմամբ, որպես ավտորիտար երկրի, պատժամիջոցներ չեն կիրառվել։ Ոչ էլ որեւէ մեկը հետաքննել է, թե, օրինակ, Դարիգա Նազարբաեւան այդ ի՞նչ միջոցների հաշվին է Լոնդոնի կենտրոնում շքեղ առանձնատան սեփականատեր դարձել կամ ո՞վ է նրան անձնական օգտագործման օդանավ նվիրել։ Արեւմուտքը հիմա խոսում է խաղաղ ցույցեր անցկացնելու՝ ղազախստանցիների իրավունքի մասին։

Բայց որտե՞ղ էր Արեւմուտքը, երբ տասը տարի առաջ Նազարբաեւի հրամանով տասնյակ խաղաղ ցուցարարներ էին գնդակահարվում։ Փայփայել, սնուցել, աճեցնել բռնապետին եւ հարկ եղած դեպքում ,,սպանդանոց քշել,,՝ սա՞ է սկզբունքը։ Արեւմուտքի համար Նազարբաեւին ,,մորթելու,, ժամանակը դեռ չէ՞ր հասունացել։ Նա պետք է ավելի՞ն աներ։

Իսկ եթե այդ ,,ավելին,, Ռուսաստանի համար մահացու սպառնալիք է, ապա Մոսկվան ինչու՞ պիտի խնայեր Նազարբաեւին։ Միայն նրա համար, որ նա նախկին խորհրդային չինովնի՞կ է, ռուսախո՞ս է։ ,,Քաղաքականության մեջ ընկերներ չկան,,- հարյուր տարի առաջ Իոսիֆ Ստալինն է ասել։ Խոտորնակին՝ խոտորնակ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր