Տոկաևն առաջարկել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել

Տոկաևն առաջարկել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է ՀՀ-ի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել, Պուտինն էլ ողջունել է այդ առաջարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կրեմլից: 



Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝  նշելով, որ այն  գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։



Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։



Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ առումով  նա մտադիր է առաջիկա օրերին հանդես գալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնելու նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ՝ որպես կազմակերպության ներկայիս նախագահող:



Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ առաջարկը:



Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական կապի մեջ լինել:



Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացման ժամկետներ դեռ հայտնի չեն: 



 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք