211652_close_icon
views-count7098 դիտում article-date 18:05 01-01-2022

Փոփոխություններ, որ ուժի մեջ կմտնեն 2022-ին Վրաստանում

Վրաստանում ակնկալվում են մի շարք փոփոխություններ, որոնք 2022 թվականից ուժի մեջ կմտնեն: Գրում է Aliq.ge-ն։

Հունվարից աշխատավարձերը կավելանան բանակում, ոստիկանությունում: Բացի այս, փոփոխությունը կվերաբերի նաև ուսուցիչներին, դպրոցի վարչակազմի աշխատակիցներին, գյուղի բժիշկներին, բուժքույրերին, շտապ օգնության աշխատակիցներին: Հանրային սեկտորում կարձանագրվի 10%-նոց աշխատավարձերի աճ:

Վրաստանում 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը կկազմի 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, բարձրլեռնային բնակավայրերում կենսաթոշակի չափը մինչև 70 տարեկանների համար կկազմի 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 360 լարի: 25 լարիով բարձրանա նաև սոցիալական օգնությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Վրաստանի ազգային բանկի որոշմամբ, երկրում հունվարի 1-ից կարգելվեն 15 տարի ձգվող վարկերը: Այն դեպքում, եթե քաղաքացիները վարկից օգտվեն լարիով, հնարավոր կլինի դա իրականացնել առավելագույնը քսան տարով: Օտարերկրյա փոխարժեքով վարկից օգտվելու դեպքում՝ առավելագույնը տասը տարով:

Փոփոխություններ կկատարվեն պատվաստումների հետ կապված։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվող պատվաստումները խրախուսելու նպատակով ներդրված 200-ական լարիի (մոտ 60 դոլար) խրախուսման ծրագրի շահառուների տարիքային շեմը նվազեցվել է։ Այսուհետ ծրագրից 60 տարեկանի փոխարեն կարող են օգտվել նաև 50 տարեկանից բարձր քաղաքացիները։ Ըստ այդմ՝ 200 լարիի միանվագ հավելավճար կտրվի 50-ից բարձր տարիքի այն քաղաքացիներին, ովքեր որևիցե պատվաստանյութի առաջին դոզայով կպատվաստվեն COVID-19 դեմ։

Տրանսպորտային միջոցների համար 2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական իրավունքի քննությունը քաղաքացիները կհանձնեն իրական պայմաններում (փողոցում): Նոյեմբերի յոթից սկսած իրական պայմաններում քննություն հանձնելը պարտադիր կդառնա բոլորի համար: Այս պայմաններում քննությունը հանձնելը կարժենա 90 լարի:

Թբիլիսիում հասարակական տրանսպորտից օգտվելը կթանկանա։ 2022 թվականի փետրվարից Թբիլիսիում հասարակական տրանսպորտով (մետրո, ավտոբուս, միկրոավտոբուս) երթևեկությունը 50 թեթրիի (0.16 դոլար) փոխարեն կդառնա 1 լարի (0,32 դոլար), սակայն ուժի մեջ կմտնի անսահմանափակ բաժանորդագրային (աբոնեմենտային) համակարգ։ Մայրաքաղաքում այսուհետ ցանկացած հասարակական տրանսպորտի ուղեվարձը 90 րոպեի համար կկազմի 1 լարի։ 2022 թվականի փետրվարից մայրաքաղաքում կգործարկվի հանրային տրանսպորտի մեկժամյա, մեկօրյա, մեկշաբաթյա, մեկամսյա, եռամսյա և մեկ տարվա անսահմանափակ բաժանորդագրային համակարգը։ Մեկօրյա անսահմանափակ բաժանորդագիրը կարժենա 3 լարի (0.97 դոլար), մեկ շաբաթը՝ 20 (6.5 դոլար) լարի, մեկ ամիսը՝ 40 լարի (13 դոլար), երեք ամիսը՝ 100 լարի (32 դոլար), մեկ տարվա քարտը՝ 250 լարի (81 դոլար)։ Արտոնյալ սակագները կրկին կլինեն ուժի մեջ, Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների ուսանողների, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների, թոշակառուների, մայրաքաղաքի բուժհաստատություններում աշխատող բուժաշխատողների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների համար հանրային տրանսպորտի վճարը կրկին կմնա 20 թեթրի (0.07 դոլար):

Նմանատիպ նյութեր