211652_close_icon
views-count1537 դիտում article-date 10:31 08-12-2021

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել համաժողովին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար կարգով կազմակերպում է «Հանուն ժողովրդավարության» համաժողով (The Summit for Democracy), որին մասնակցելու հրավեր է ուղարկած 111 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ երկրները: Որպես հիմք ընդունվել է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության դասակարգումը. հիշեցնեմ, որ այդ կառույցի բյուջեի գերակշիռ մասը կազմվում է հենց ամերիկյան կառավարության դրամաշնորհների միջոցով: Ըստ այդ չափանիշների՝ հրավիրված երկրներից 77-ը ազատ են, 31-ը, այդ թվում Հայաստանը՝ մասամբ ազատ, եւ երեքը՝ անազատ, բայց, ամերիկյան կառավարության կարծիքով, դրական տրանսֆորմացիայի հնարավորություն ունեն: Ընդ որում, տարբերակման ներսում կա եւս մի դասակարգում՝ ազատական եւ «էլեկտորալ» ժողովրդավարություն. ըստ այդմ, մենք պատկանում ենք երկրորդ խմբին, ինչը, հավանաբար, նշանակում է, որ մեր իշխանությունները, թեեւ ընտրված են արդար ճանապարհով, բայց իրենց իդեալական չեն դրսեւորում:

Համաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց «Ֆրիդոմ Հաուսը» ազատ չի համարում: Այդ երկու երկրների ԱՄՆ-ում դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որի երկու հիմնական թեզերն են. 1/ ժողովրդավարությունը տարբեր տեսակի է լինում, 2/ պետք չէ այս հարցում աշխարհում ստանձնել դատավորի դերը: Առաջին թեզի վերաբերյալ վեճը ակադեմիական ասպարեզից արդեն վաղուց տեղափոխվել է քաղաքական-քարոզչական ոլորտ, եւ նման դեպքերում ճշմարտությունը պարզելը շատ դժվար է: Երկրորդ հարցում դեսպանները, կարծում եմ, ճիշտ են. բոլոր գերտերություններն ունեն իրենց «աչքի գերանը», բայց գերադասում են խոսել ուրիշի «աչքի փշի» մասին:

Բայց համաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի ոչ թե կողմերի փաստարկների հզորությամբ, այլ զուտ պրագմատիկ հաշվարկներով. դրանք պետք է ներառեն նաեւ այն փաստը, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դա այնքան կարեւոր խնդիր են համարում, որ որոշել են համաժողովին անդրադառնալ դեսպանների մակարդակով: 

Հայաստանի ներկայիս իշխանությունների, այսպես ասենք, մտահորիզոնը թույլ չի տալիս հասկանալու, թե ո՛ր խնդիրներն են Ռուսաստանի (կամ որեւէ այլ երկրի համար) զգայուն, եւ կարող են անհաշվենկատ հայտարարություններ անել, օրինակ, ղարաբաղյան կարգավորման մասին ռուսաստանյան առաջարկների վերաբերյալ: Համաժողովի պարագայում նույնպես մեր բարեկամ երկրների դիրքորոշումը պետք է, համենայնդեպս, հաշվի առնել: Բայց, մյուս կողմից, եթե համաժողովին մասնակցելը կբերի ինչ-որ շոշափելի արդյունքներ (բացի 111 «գերազանցիկ» երկրների շարքում հայտնվելուց), ապա միանշանակ է, որ որոշումը պետք է դրական լինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր