211652_close_icon
views-count1239 դիտում article-date 21:06 07-12-2021

Մենք որևէ ձևով չենք միջամտելու դատարանի կողմից կայացվող վճիռներին. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է հիմնական առաջնահերթությունները, որոնք գտնվում են կառավարության օրակարգում: Նա ընդգծել է, որ գալիք տարվա պետական բյուջեի միջոցների ավելացմամբ պայմանավորված կավելանան նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունները:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի՝ պատերազմի օրերին իրենց ծառայողական պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած աշխատակիցներին աշխատանքից ազատելու և դատական կարգով հետագայում վերականգնվելու դեպքերին առնչվող դժգոհություններին՝ նախագահը նշել է, որ խնդիրն ունի իրավական և բարոյական կողմեր:

«Արցախն իրավական երկիր է։ Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետ քայլ անելու իրավունք չունենք: Մենք համատեղ ջանքերով պետք է պահպանենք մեր պետական բոլոր ինստիտուտների անխոչընդոտ աշխատանքը՝ որպես մեր նորանկախ պետականության գոյության ու հարատևության համոզիչ փաստեր: Ուստի, մեր որդեգրած քաղաքականության համաձայն, մենք որևէ ձևով չենք միջամտելու դատարանի կողմից կայացվող վճիռներին։ Հասկանում և ընդունում ենք նաև խնդրի բարոյական կողմը, կա ձևավորված հանրային պահանջ, պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին մասնակցության չափի ու պաշտոնեական պարտականությունների կատարման պատշաճության վերաբերյալ հանրային օբյեկտիվ գնահատականներ ու ընկալումներ, սոցիալական արդարության վերականգնման նեղ համայնքային, հաճախ զգացմունքային, բայց նաև բարոյական, սովորութային նորմերով խիստ փաստարկված օբյեկտիվ պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել, և հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքական իշխանություններն այս ուղղությամբ օրենքի շրջանակում փորձելու են այլ լուծումներ գտնել»,- ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր