211652_close_icon
views-count85042 դիտում article-date 13:40 07-12-2021

Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջներն ու «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի ու ծխի դեմ. օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8  հրշեջ-փրկարարական ջոկատներից  1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ:

Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը,  կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ»  խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ  քանակի հագուստ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  Երևանի  1-03 շտապօգնության կենտրոնական ենթակայանի թիվ 018 բժիշկների հերթապահ բրիգադը՝ բժիշկ  Հովհաննես Հովհաննիսյանի, բուժքույր  Հասմիկ Համփարյանի և  բուժակ Կարեն Անտոնյանի գլխավորությամբ:

Վերջիններս մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ  դրա կարիքը կունենան:

 Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Նարեկ Մուրադյանի և Գեղամ Անտոնյանի գլխավորությամբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում  ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական  բաժնի համայնքային և հետաքննական բաժանմունքների ծառայողները:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր