Սպիտակի երկրաշարժ՝ 33 տարի անց. անցկացվել է գիտաժողով և միջազգային վարժանք

Սպիտակի երկրաշարժ՝ 33 տարի անց. անցկացվել է գիտաժողով և միջազգային վարժանք

Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:



Այն անցկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում:



Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և միջազգային մի շարք գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:



Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բացահայտել է բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ:



1991 թվականին ստեղծվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության ապահովումը: Մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվում են բնակչության տարահանման վարժանքներ:



«Մենք այսօր 33-ամյա ծանր հիշողություններով, դաժան արհավիրքից քաղած դասերով շարունակում ենք ապրել և պայքարել նոր արհավիրքների դեմ՝ աշխարհի հետ կիսվելով մեր փորձով և յուրացնելով աշխարհի փորձը: Յուրաքանչյուր տարի այս օրերին և´ Հայաստանում և´ սփյուռքում տարբեր ձևաչափերով անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այսօրվա միջոցառումը, որը կազմակերպվել է մեր ռուս գործընկերների հետ համատեղ, ևս մի կարևոր հարթակ է անցյալի դասերը վերհիշելու, վերլուծություններ և հետևություններ անելու համար»,-ասել է Փիլոյանը։



ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինն իր հերթին նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան է հանդիսացել տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Նա հիշեցրել է, որ 33-ամյա աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածք է ընդգրկել։



«Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։ Երկրաշարժը շարունակում է մնալ ամենաավերիչ բնական աղետներից մեկը։ Միաժամանակ, սա ամենաբարդ երևույթն է կանխատեսման առումով։ Սակայն այսօր մենք զգալի փորձ ենք կուտակել սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալը:



Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս նշել է, որ Ռուս-հայկական կենտրոնը երկկողմ փոխգործակցության կարևոր հարթակ է տարերային աղետի հետևանքները կանխելու և հաղթահարելու գործում:



«Կենտրոնը զգալի ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում։ Բարձրակարգ մասնագետներ ու ժամանակակից փրկարարական սարքավորումներ ունեցող կառույցը ծանրակշիռ ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում»,- ընդգծել է դեսպանը։



Գիտաժողովին զուգահեռ կայացել է նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատեղ նիստը՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարների առաջին տեղակալների գլխավորությամբ:



Կողմերը քննարկել են օրակարգային չորս հարցեր՝ ՌՀՄԱԿ-ի 2021 թվականի գործունեության մասին զեկույցի հաստատումը, 2022 թվականին ՌՀՄԱԿ-ի 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը, հաջորդ տարվա բյուջեն ու ընթացիկ ծրագրերը:



ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ նիստի շրջանակում քննարկվել են նաև Սպիտակի երկրաշարժի դասերը:



«Սպիտակի երկրաշարժից հետո արդեն աշխարհը վերանայել է իր մոտեցումները սեյսմակայանության ուղղությամբ»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:



Գիտաժողովին հաջորդել է ՌՀՄԱԿ-ում երկրաշարժի թեմայով անցկացված միջազգային վարժանքը: Մասնակցել են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմը, Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած փրկարարներն ու կամավորական կազմավորումները:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք