211652_close_icon
views-count56606 դիտում article-date 17:55 03-12-2021

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ՝ նշելով, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։ «Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։ Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրիասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է վարչության պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ էին տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 11:30-ի  սահմաններում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվ էր գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին  բուժօգնությունն էին ցուցաբերել,  իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը: Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով  այնուհետև հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի,  դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: 

Լուսանկարը և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր