ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք հորդորում ենք նրանց (խմբ. – Հայաստանին և Ադրբեջանին) առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող են բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի»,- ասել է Բլինկենը:

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:

Շվեդիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը չի բացառել Ստոկհոլմում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք