Մինչև 2024 թվականի ավարտը կանցնենք կառուցապատման թույլտվությունների ստացման էլեկտրոնային եղանակի․ Արմեն Ղուլարյան

Մինչև 2024 թվականի ավարտը կանցնենք կառուցապատման թույլտվությունների ստացման էլեկտրոնային եղանակի․ Արմեն Ղուլարյան Ներկայումս կառուցապատման թույլտվության էլեկտրոնային ամակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցում ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի օրակարգի 2 զեկուցվող հարցերից մեկը ներկայացնելիս ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ղուլարյանի զեկուցած նախագծով նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կատարել միայն էլեկտրոնային դիմելու և տրամադրման համակարգին, սակայն՝ փուլերով, մինչև 2024 թ-ն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ առաջնային փուլում 2022 թ. հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:

Նրա խոսքով՝ այդ համայնքներում կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային մեկ պատուհան, որը հնարավորություն կտա մի կողմից՝ ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից էլ առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատման ժամկետները, կխնայվի ժամանակը և ռեսուրսները:

Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ համակարգը հնարավորություն կտա իրականացնելու գործընթացների մոնիթորինգ:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք