Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը տարբեր

Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը տարբեր Անգամ եթե Օմիկրոն շտամի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միեւնույն է,  հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, այս պահին բուժում է ստանում 12 հազարից ավելի քաղաքացի, որոնցից պատվաստված է ընդամենը 1068-ը, ինչը 8,6 տոկոսն է կազմում. «Հոսպիտալացված 2349 քաղաքացուց պատվաստված է ընդամենը 87-ը: Սա եւս ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,- ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ի տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է՝ պարզել, թե արդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել:

Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,- ասաց Փաշինյանը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք