211652_close_icon
views-count1699 դիտում article-date 20:32 30-11-2021

Դրամական պարգևներ կստանան նաև մարզիչներն ու բժիշկները․ Կարեն Գիլոյան

ՀՀ կառավարությունն այս տարի ընդհանուր առմամբ 50 մլն դրամ է հատկացրել՝ որպես «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի հաղթողները, ինչպես հայտնի է, որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

«Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները: Սա աննախադեպ է: Միայն 2019 թվականին են սահմանվել դրամական պարգևներ, այն էլ՝ միայն տասնյակում ընդգրկված մարզիկների համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված, «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը չկայացավ: Կարեն Գիլոյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունն այժմ ամեն ինչ անելու է, որ ավանդույթը վերականգնվի ու «Լավագույն տասնյակ» հասկացությունն արժեքավորվի։

Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ որոշ վերապահումներով, կհրապարակվի հավակնորդների՝ 20 կամ ավելի մարզիկից բաղկացած ցանկը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ այս տարի բավականին բարդ ընտրություն է սպասվում լրագրողների և հավաքականների գլխավոր մարզիչների համար. «Այս տարի շատ լավ արդյունքներ ենք ունեցել, և ընտրությունը շատ բարդ կլինի: Ցավոք, միայն օլիմպիական չեմպիոն չունեցանք, բայց ունեցանք օլիմպիական 4 մեդալ, մեծահասակների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող, բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, բանակային խաղերի չեմպիոններ… Այնքան թեկնածուներ ունենք, որ շատ բարդ ու թեժ ընտրություն է սպասվում»:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցման փուլում են: Քվեարկության ավարտից 2-3 օր անց՝ մինչև դեկտեմբերի 25-ը, տեղի կունենա նաև պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նմանատիպ նյութեր