Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը. հավաքվածները կատակում էին. «Թեկնածուին նոկաուտի են ենթարկել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը. հավաքվածները կատակում էին. «Թեկնածուին նոկաուտի են ենթարկել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մեծշամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի  վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի  մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ:

Հավաքվածները կատակում էին, ասելով՝ «Opel-ի վարորդը Վ. Խաչատրյանի բարեկամն է  ու այնպես է բախվել էլեկտրասյանը, որ  ասես՝ էլ չսպասելով երկրոդ ռաունդին, առաջին ռաունդով «նոկաուտի է ենթարկել թեկնածուի ցուցանակը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք