Խոշոր ավտովթար՝ Եղվարդում. բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն ու 06-ը, շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Վարդան Դանիելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են մախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել են համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Վահե Մելքոնյանն ու անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Հարութ Արսենյանը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ շտապօգնությունը՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, կանչով հիվանդի մոտ մեկնելիս է եղել, երբ Toyota-ն բախվել է շտապօգնության ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել 06-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի