211652_close_icon
views-count1542 դիտում article-date 19:49 25-11-2021

15-ամյա ընդմիջումից հետո կկայանա բռնցքամարտի աշխարհի գավաթի թիմային մրցաշարը

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովի նախաձեռնությամբ, կազմակերպության գործադիր կոմիտեի որոշումով, 2022թ.  տեղի կունենա աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը: Մրցավայր է ընտրված Ռուսաստանի Դաշնությունը: Այդ երկրի 15 մարզերում,   ավելի քան 40 երկրների պատվիրակների մասնակցությամբ նախ  կանցկացվեն խմբային մրցաշարերը: Լավագույններն այնուհետև հանդես կգան  Մոսկվայում  նշանակված գլխավոր եզրափակիչում, որտեղ  կորոշվեն աշխարհի գավաթակիրներն ու մրցանակակիրները:

Ընդհանրապես   բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության սկիզբը դրվել է 1979 թ.: Մրցումների ձևաչափը և հաճախականությունը երբեմն  փոփոխություն է կրել: 1979 – 1998թթ. գավաթը խաղարկվել է  երկու տարին մեկ, ապա՝ քառամյակը մեկ անգամ:   2002 – 2006թթ. տեղի է ունեցել թիմային երեք մրցաշար, որին կրկին հաջորդել է  անհատականը / 2008թ. /:

Միջազգային պատվավոր այդ ստուգատեսում հանդես են եկել նաև կաշվե ձեռնոցի հայաստանցի վարպետները: Երևանցիներ  Իսրայել Հակոբկոխյանը / 67 կգ /, Նշան Մունչյանը / 48 կգ / և էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը / 75 կգ / դարձել են գավաթակիրներ:  

Արծաթե մեդալներ են նվաճել երևանցիներ, գերծանրքաշային  Խորեն Ինջեյանը, Ալբերտ Նիկոլյանը / 81 կգ /,  վանաձորցի Սամսոն Խաչատրյանը / 57 կգ / , երևանցի Նշան Մունչյանը / 48 կգ /: Բրոնզե պարգևի են արժանացել  Սամսոն Խաչատրյանը / 57 կգ /, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը/ 51 կգ / , երևանցիներ Արամ Ռամազյանը / 54 կգ / և Արտյոմ Սիմոնյանը / 57 կգ /:

Մեդալակիրների ցանկը հուշում է, որ Սամսոն Խաչատրյանը և Նշան Մունչյանը աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի մրցանակակիր են:

Ի դեպ,  Խ. Ինջեյանը, Ա.Նիկոլյանը, Ս.Խաչատրյանը, Ի.Հակոբկոխյանը և Ն. Մունչյանը  /  արծաթը / ԽՍՀՄ հավաքականի կազմում են դարձել մեդալակիրներ:  Վ.Դարչինյանը, Ա.Ռամազյանը և Ա. Սիմոնյանը ՝ Եվրոպայի հավաքականի կազմում, իսկ գավաթակիրներ Ն.Մունչյանը, Ա. Հակոբյանը ներկայացրել են անկախ Հայաստանը:

Հարկ է նշել, որ բռնցքամարտի աշխարհի գավաթի   թիմային  վերջին խաղարկությունը տեղի է ունեցել 2006թ.: Եվ ահա 15 –ամյա ընդմիջումից հետո վերականգվում է այդ հեղինակավոր ստուգատեսը:

Վստահ լինենք, որ բռնցքամարտի հայկական դպրոցի մերօրյա վարպետները կշարունակեն իրենց նախորդների ստեղծած բարի ավանդույթները:

Նմանատիպ նյութեր