211652_close_icon
views-count1043 դիտում article-date 11:19 25-11-2021

Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։ 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3 %, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։

Ու գնաճը մեղմվելու որևէ միտում ցույց չի տալիս։ Ավելին, ԿԲ կանխատեսումների համաձայն, գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ավելին, շատ դեպքերում էլ կարող ենք անգամ գների ակնթարթային թանկացումների հանդիպել, քանի որ համապատասխան մարմինների կողմից շուկայի գների վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է ու շատ դեպքերում ուղղակի անուշադրության է մատնված։ Հիմա, երբ մարդկանց եկամուտները ոչ միայն չեն բարձրացել, այլև շատ դեպքերում իջել են, գնաճային ճնշման մեծացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու հիմքեր է ձևավորում։ Անկախացումից հետո գրեթե միշտ Հայաստանը պայքարել է ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս բարձիթողի տնտեսական վիճակի արդյունքում շատ շուտով բազմաթիվ մարդիկ հայտնվելու են աղքատության շեմից ցածր մակարդակում։

Մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը խոստանում է դժգոհությունների գեներացում ու սոցիալական բունտեր։ Այսպիսի իրավիճակից դուրս գալու նպատակով Հայաստանի համար շատ կարևոր է խթանել բիզնես գործունեությունը և, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա միտումները, տնտեսությունն ադապտացնել նոր իրավիճակին ու շեշտը դնել արտահանման խթանման վրա։ Փաշինյանի իշխանության կողմից միշտ քննարկման առարկա է եղել արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հարցը, սակայն մենք այսօր նորանոր պարտքեր վերցնելու միջոցով հազիվ տնտեսության մեջ առաջացած ճեղքերը լցնելով ենք զբաղված, իսկ իշխանությունների միակ հպարտության առարկան ասֆալտապատումն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր