211652_close_icon
views-count2810 դիտում article-date 10:57 25-11-2021

Ամեն ինչ, պարզվում է, կանխորոշված էր 1991-ին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վաղը Սոչիում կայանալու է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը, եւ ընդդիմադիր շրջանակները մտավախություն ունեն, որ այդ հանդիպման ընթացքում ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ, որով ա/ Արցախն այս կամ այն ձեւով ճանաչվելու է որպես Ադրբեջանի մաս, 2/ Ադրբեջանին միջանցք կտրամադրվի Սյունիքի մարզով: Իսկապես շատ հավանական է, որ նման հայտարարություն ստորագրվի՝ ենթադրում եմ, որ դա կարվի ինչ-որ չափով «լղոզված» ձեւակերպումներով: Նման հայտարարության հետեւանքների մասին որեւէ լավատեսական կամ հուսադրող բան չեմ կարող ասել: Թերեւս, միայն այն, որ եթե նման հայտարարությունն արվի, ասենք, մի քանի ամիս հետո, ապա իրավիճակը գուցե ավելի վատը լինի: Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ ասվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում: Հաշվի առնելով ռուսաստանյան քաղաքականության առանձնահատկությունները՝ կարելի է վստահաբար ասել. եթե այդ հանդիպումը կայանար «առանց Սոչիի», դա հաստատ կունենար ավելի վատ հետեւանքներ:

Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսից ինձ համար առավել ուշագրավ էր այն, որ նա փաստացի (եթե բառային շղարշից վերանանք) արդեն իսկ ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի, եւ որ դա պարզ էր դեռեւս 1991 թվականից: Կարծում եմ՝ քաղաքագետներն ու միջազգային իրավունքի մասնագետները կհաստատեն, որ այդ պնդումն այնքան էլ հիմնավոր չէ: Չեմ ուզում անդրադառնալ նաեւ այն հարցին, թե որքանով է այդ մոտեցումը հակասում «Արցախը Հայաստան է եւ վերջ» խրոխտ կարգախոսին, որքանով է անիմաստ դարձնում «Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու» հայտարարությունները, ինչպես նաեւ այն «խորիմաստ» միտքը, որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին. լուծումը, որին գնում է վարչապետը, բավարարում է միայն ադրբեջանցիներին, թուրքերին եւ, մասամբ, Ռուսաստանի իշխանություններին: Բայց այս ուղղությամբ քննադատությունը թողնենք ընդդիմադիրներին՝ նրանք ավելի խիստ խոսքեր կգտնեն:

Իսկ ես պարզապես արձանագրեմ, որ Փաշինյանին վստահում է առնվազն 680 հազար քաղաքացի: Նրանք, հետեւաբար, համաձայն են, որ 1988-90 թվականի Շարժումը սխալ էր, Երրորդ հանրապետության անցած 30 տարին անպտուղ էր, այդ ընթացքում հազարավոր զոհերն ու լուրջ զրկանքներն անիմաստ էին: Պարզապես պետք է «քաղաքական կամք ունենալ» եւ դրա մասին «անկեղծորեն ասել»:

Մնում է երկու հարց: Արցախում դեռեւս մնացած մի քանի տասնյակ հազար հայերը մնալո՞ւ են իրենց հողում, թե՞ դառնալու են փախստական: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա՞ գոյություն ունենալ այն սցենարով, որը նրա համար նախագծել է ներկայիս վարչապետը: Ես վստահ չեմ, որ այս կարգավիճակով եւ այսպիսի քաղաքացիներով պետությունը կարող է գոյատեւել: Իսկ դո՞ւք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր